Բարեկարգման 900 000 ԱՄՆ դոլար արժեցած աշխատանքներն ավարտվել են, սակայն նորատունկ ծառերն արդեն չորացել են
Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող հատվածը բարեկարգելու համար քաղաքապետարանը ծախսել է ավելի քան 900 000 ԱՄՆ դոլար, սակայն նորատունկ տույաները չորացել են, գրել է «Ազգային շարժումը»՝ հղում անելով Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին։
Ըստ հայտարարության՝ բույսի արժեքը կազմել է 214 000 դրամ, սակայն կարող էր գնվել 15-20 000 դրամով։ Խմբակցությունների պնդմամբ՝ այս պահին այգու նշված հատվածը բավական վատ վիճակում է։
Հարցի առնչությամբ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է, որ ծառերի գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։
«Տույաների չորացման, ինչպես նաև շինարարության ընթացքում և երաշխիքի ժամկետի շրջանում առաջացած թերությունների դեպքում շինարարը պարտավոր է վերականգնել այն և բերել պատշաճ տեսքի»,- գրել է նա։
Կոստանյանը նշել է, որ բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և քաղաքապետարանին հանձնված չեն, նախորդ շաբաթ տեղի է ունեցել շինարարի հետ հանդիպում։
«Վերջինս պատրաստակամ է շտկել բոլոր այն թերությունները, որոնք առաջացել են շինարարական աշխատանքների ընթացքում, այդ թվում՝ ծառերի մասով»,- գրել է Կոստանյանը։
Նշենք, որ քաղաքապետարանն ապրիլի 1-ին հայտնել էր, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի բարեկարգումը կավարտվի ապրիլի առաջին տասնօրյակում։
Armenia Today