Փաշինյանն ու Ալիևը Կազանում քննարկել են հայ գերիների հարցը. Ալեն Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը խոսել են հայ գերիների մասին։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ հանդիպման մանրամասների մասին շատ բան հայտնի չէ։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Բաքվու կայանալիք COP-29 գագաթնաժողովին կմեկնի, եթե Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի:

Ալեն Սիմոնյանը փաստացի հաստատեց այդ լուրը։ Նրա խոսքով` Փաշինյանն ու Ալիևը լիագումար նիստում զրուցել են մոտ մեկ ժամ։

«Հետո երևի զգացել են, որ խանգարում են մյուսներին և որոշել են առանձին հանդիպել։ Պայմանավորվածությունները նույնն են` խաղաղության հաստատում, ապաշրջափակում, գերիների վերադարձ»,- հավելեց նա։

ԱԺ նախագահն ընդգծեց, որ COP–29-ի մասնակցության քննարկման պարագայում, եթե կա հնարավորություն գերի վերադարձնելու կամ որևէ այլ ձևով ՀՀ–ի համար դրական քայլ անելու, ապա Հայաստանը պետք է չհապաղի այդ հարցում։ Սիմոնյանը հավելեց, որ ժամանակը ցույց կտա, թե Հայաստանը ինչ որոշում կկայացնի։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման կանոնակարգի հաստատմանը` Սիմոնյանը նշեց, որ դա մեծագույն հաղթանակ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար։

«Սա երկկողմ հաղթանակ է, սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական առաջին փաստաթուղթն է, դրա իրագործումը երկու երկրների անկախության ու տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարից մեկն է»,- ասաց նա։

Նա ասաց, թե այս պահին որոշում չկա՝ որտեղից պետք է շարունակվի սահմանազատումը։

«Այս պահին քննարկումներ են գնում, թե որտեղից շարունակվի»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ չլուծված հարցեր են թողել, քաղաքական կամքի պարագայում բոլոր հարցերը լուծելի են։

Sputnik Արմենիա