Ե՞րբ հայկական ավիացիան դուրս կգա «սև ցուցակից». Սանոսյանը հույս ունի` շուտով

Երբ հայկական ավիացիան հայտնվեց Եվրոպական միության թռիչքային անվտանգության «սև ցուցակում»՝ ՀՀ կառավարությունը փորձեց նախանշել այն կետերը, որոնք դրա համար հիմք են հանդիսացել։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

2020 թ. հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը, հրապարակել էր ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակը», որում առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ բոլոր տեղական ավիափոխադրողներով:

Նա նշեց, որ հայկական ավիացիան «սև ցուցակում» հայտնվել է հայտնաբերված 41 թերության պատճառով։

«Ես կարող եմ ասել, որ 40 թերությունները վերացված են, իսկ մեկ թերությունն արդեն կվերացվի դեկտեմբերին։ Մեր գլխավոր խնդիրը եղել է տեսուչների, մասնագետների պակասը, որի մի մասն արդեն իսկ լրացրել ենք, ևս մի քանի մասնագետ ունենք, որ վերապատրաստման փուլում են, դասընթացներ են անցնում, ու դրանք կավարտվեն դեկտեմբերի կեսերին»,– նշեց Սանոսյանը։

Նրա խոսքով` հաշվի առնելով այն, որ արդեն բավականին մոտ ենք իրավիճակի շտկմանը, ՀՀ կառավարությունն այս հոկտեմբերին արդեն իսկ եվրոպացի գործընկերներին դիմելու գործընթաց է սկսել որպեսզի դիտարկեն մեր երկիրը «սև ցուցակից» դուրս բերելու հնարավորությունը։

«Դիմել ենք գործընկերներին, որպեսզի կազմենք աշխատանքային այն գրաֆիկը, թե ինչ փուլերով պետք է անցնենք, որպեսզի փաստվի, որ այդ թերությունները վերացված են, և հայակական ավիացիան դուրս գա սև ցուցակից»,– ասաց Սանոսյանը։

Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 13–ին եվրոպացի գործընկերների հետ ՏԿԵՆ–ը տեսակապով աշխատանքային խորհրդակցություն ունի, որի ժամանակ կձևավորվի ճանապարհային այն քարտեզը, թե որ քայլերից հետո որ գործընկերը ինչ պետք է անի, որպեսզի այս գործընթացն ավարտին հասցվի։

«Ես շատ հույս ունեմ, որ խնդիրները վերացրել ենք կամ վերացման ճանապարհին ենք»,– ընդգծեց ՏԿԵ նախարարը։

Հիշեցնենք, որ «սև ցուցակը» ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակն է (EU Air Safety List): ԵՄ-ի ավիացիոն կանոնակարգերի համաձայն` 2020 թ. հունիսից արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:

Sputnik Արմենիա