ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է՝ մշակելու վիզաների ազատականացման ուղղությամբ բանակցությունների ծրագիրը. ԱԳ փոխնախարար

Այս տարին աննախադեպ էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։


Նրա խոսքով բազմաթիվ ձեռքբերումներ են եղել՝ սկսած հատուկ ոլորտներից, ինչպիսին արդարադատությունն է, նաև վավերացվեց Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրաջասթ կառույցների հետ պայմանագրերը:

«Հուլիսին երկու կարևոր որոշումներ ընդունվեցին արտոնագրերի ազատականացման մեկնարկելու, նաև եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Ավարտին ենք հասնում նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի նախագիծը»,-նշեց նա։

Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ բոլոր քայլերը կունենան իրենց ազդեցությունը 2025 թվականին նախաձեռնվող աշխատանքների առումով:

«Արդեն իսկ սկսել ենք բանակցություններն արտոնագրերի ազատականացման շուրջ։ Այս օրերին՝ 5-6-ը, Երևանում է Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,- ասաց նա:

Նովոստի-Արմենիա