ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը Բրուասդալի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարին առնչվող հարցեր

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը տեղեկացրել է, որ Բրուասդալի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 5-6-ն աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ական կողմին է ներկայացվել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը: Բրուասդալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և խաղաղապահ ուժերի բրիգադ: Հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել էր ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը, զարգացման հնարավորությունները։

Armenia Today