Ինչ է հայտնի Հայաստանին սատարած ԱՄՆ հնարավոր նոր պետքարտուղար Մարկ Ռուբիոյի մասին

Սպասվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում կնշանակի Մարկո Ռուբիոյին։ Կարծես թե ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետը կլինի Ֆլորիդայից ընտրված սենատորը, որը կոշտ դիրքորոշում է որդեգրել Չինաստանի, Իրանի և Վենեսուելայի նկատմամբ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Սպասվում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում կառաջադրի սենատոր Մարկո Ռուբիոյին, որը ներկայացնում է Ֆլորիդան», - ասվում է հոդվածում:

Եթե ​​այս տեղեկությունը հաստատվի, Ֆլորիդայում ծնված Ռուբիոն կարող է դառնալ առաջին լատինաամերիկացին, ով կծառայի որպես Ամերիկայի բարձրագույն դիվանագետ:

Ռուբիոն ընտրվել է Սենատի անդամ 2010 թվականին և «արտաքին քաղաքականության մեջ բազեի կոշտ դիրքորոշում է որդեգրել» մասնավորապես Չինաստանի, Իրանի, Վենեսուելայի և Կուբայի նկատմամբ: 53-ամյա Մարկո Ռուբիոն՝ կուբացի ներգաղթյալների որդի է, Միացյալ Նահանգների ակտիվ ​​արտաքին քաղաքականության ամենահայտնի պաշտպաններից մեկը:

Սկզբում Ռուբիոն համաձայն չէր այն հանրապետականների հետ, որոնք ավելի թերահավատորեն էին վերաբերվում արտասահմանում միջամտություններին, բայց վերջերս նա նաև աջակցեց Թրամփին այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ՝ հայտարարելով, որ «հակամարտությունը մտել է փակուղի և պետք է վերջ դրվի»:

2023 թվականի նոյեմբերին Ռուբիոն աջակցել է Սենատի կողմից ընդունված Հայաստանի պաշտպանության ակտին, որը նախատեսում է ԱՄՆ նախագահի կողմից Ադրբեջանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու արգելք: Ռուբիոն ասել է, որ ամերիկացի հարկատուների գումարները չպետք է գնան Ադրբեջան, երկիր, որը տարածաշրջանում անկայունություն է բերել:

2022 թվականի սեպտեմբերի 27-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն ներկայացրել են երկկուսակցական օրենսդրական նախաձեռնություն, որը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի անվտանգության աջակցությունը Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատերազմական հանցագործությունների համար պատժամիջոցների կիրառել Ադրբեջանի դեմ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am