Սիրիայի ՊՆ․ Իսրայելական հարվածների հետևանքով Դամասկոսում 15 մարդ է մահացել

Դամասկոսի Մազե և Քուդսեյ շրջանների ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով 15 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը:

«Այսօր երեկոյան Իսրայելը գրավված Գոլանի բարձունքների տարածքից ավիահարվածներ է հասցրել Մազեի և Քուդսեյի բնակելի թաղամասերին, ինչի հետևանքով 15 մարդ է մահացել, ևս 16-ը վնասվածքներ ստացել»,– ասված է գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ:

Ըստ ՊՆ–ի` մահացածների թվում կանայք և երեխաներ կան, ավիահարվածների հետևանքով շինություններ են վնասվել։

Հիշեցնենք` իսրայելցի զինվորականները պարբերաբար հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքին լիբանանյան «Հզբոլլահ» շարժման դեմ իրականացվող գործողությունների շրջանակում: Ավելի վաղ իսրայելական անօդաչուները գրոհել էին Դամասկոսի Զեյնաբ շրջանում գտնվող բնակելի տունը, որի հետևանքով յոթ մարդ էր մահացել։ Սիրիայի մայրաքաղաքի հարավային մասում գտնվող թաղամասում հազարավոր փախստականներ են տեղավորվել հարևան Լիբանանից:

Sputnik Արմենիա