Բողոքի ակցիա․ COP 29-ի անցկացումը Բաքվում համաշխարհային քաղաքականության տապալում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«COP 29-ի անցկացումը Բաքվում համաշխարհային քաղաքականության տապալում է, որովհետև մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել և էթնիկ զտման է ենթարկել 150 հազար արցախցիների, չի կարող լինել քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՄԱԿ–ի Հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակտիվիստ Մարգարիտա Քյարամյանը։

 

«Այն հանցագործությունները, որ իրականացրել են ադրբեջանցիները, օրինակ, Հադրութ քաղաքում, որտեղից ես բռնի տեղահանվել եմ, չեն տեղավորվում համամարդկային արժեքների մեջ։ 21-րդ դարում մարդիկ գործել են հանցագործություններ, որոնք անում էին նախնադարի մարդիկ։ Ադրբեջանը, որը թաթախված է նավթի մեջ, չի կարող խոսել բնապահպանությունից։ Տարածքային ամբողջականության վերականգնման անվան տակ, Ադրբեջանը նպատակ էր դրել տիրանալ Արցախի բնությանը, տիրացել է Արցախի հողերին, անտառներին, արոտավայրերին և ջրերին։ Դրա համար Ադրբեջանին պետք էր յուրացնել մեր հողը, պատմությունը, մշակույթը։ Այսօր մեր տներում ապրում են ահաբեկիչները։ Ադրբեջանն իր էկոավաններով փակում է աշխարհի աչքերն իր գործած հանցագործությունների վրա, և ուզում եմ ցույց տալ, որ կարող է լինել քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկը»,–հավելեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի է ունենում «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիա, որին մասնակցում է նաև էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը հրաժարվել է մասնակցել COP29-ին Ադրբեջանի անցկացման վայրի պատճառով:

News.am