Իսրայելի նախագահը չեղարկել է իր այցը Բաքու՝ Թուրքիայի արգելքի պատճառով. ադրբեջանցիները վիրավորվել են

Կառավարության խոսափող համարվող ադրբեջանական լրատվական կայքը պնդում է, որ Բաքվի COP29 կլիմայի համաժողովին Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի այցելությունը չեղարկելու իրական պատճառը Հերցոգի ինքնաթիռն իր օդային տարածքով թռչելու թույլտվությունից Թուրքիայի զրկելն է:

Ադրբեջանական պաշտոնյաները իսրայելական Ynet լրատվամիջոցին հաստատել են տեղական լրատվամիջոցների հաղորդման իսկությունը։

Հերցոգը երեքշաբթի այցով պետք է ժամաներ Բաքու, Ynet-ին հայտնի է դարձել, որ թռիչքն Ադրբեջան նախատեսվում էր իրականացնել Wing of Zion պաշտոնական ինքնաթիռով։

Շաբաթ երեկոյան Իսրայելի նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ «իրավիճակի գնահատման լույսի ներքո և անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի նախագահը որոշել է չեղարկել իր այցը Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովին»։

Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ դա պայմանավորված է անվտանգության ծառայության նախազգուշացումներով:

Ադրբեջանցիներին, սակայն, դուր չի եկել, թե ինչպես է Իսրայելը ձևակերպել այդ որոշումը, և Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան ադրբեջանական Caliber News լրատվական կայքին ասել է, որ Հերցոգի չվերթը չեղարկելու պատճառն ամենևին էլ անվտանգության պատճառով չէր, այլ արգելքի, որը մտցրել է Թուրքիան՝ Հերցոգին տեղափոխող ինքնաթիռին իր օդային տարածքն օգտագործելու թույտվություն չտալով։

Ադրբեջանցիներն, ըստ երևույթին, վիրավորվել են չվերթի չեղարկման պատճառի մասին Իսրայելի ձևակերպումից և փորձել են փոխել այն դիվանագիտական ​​շփումների միջոցով։

News.am