Բաքվում այսօր շարունակվում են Ռուբեն Վարդանյանի և Արցախի ռազմաքաղաքական գործիչների դատավարությունները

Բաքվի զինվորական դատարանում այսօր առավոտյան սկսվել է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը, որն առանձնացված է Արցախի նախկին նախագահների և մյուսների գործից, որը ևս նշանակված է այսօր, նույն դատարանում և նույն դատավորի մոտ:

Թեև Ադրբեջանը դա անվանում է «բաց դատավարություն », բայց դահլիճում ներկա են լինում միայն պետական երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք, որպես կանոն, նույնաբովանդակ նյութերը և նույն կադրերը հրապարակում են արդեն երեկոյան՝ հավանաբար որոշ կառույցներում համաձայնեցնելուց հետո և այդ կադրերը փոխանցում են նաև նիստին չմասնակցած լրատվամիջոցներին:

Free Armenian Prisoners.com կայքը տեղեկացնում է, որ «չկա որևէ ապացույց, որ դատավարությանը թույլատրվել է ներկա լինել անկախ հասարակական կազմակերպություններին կամ լրագրողներին կամ այդ երկրում հավատարմագրված դիվանագետների»:

Նիստերից հրապարակվում է միայն այն, ինչ ձեռնտու է իրենց: Մեզ հետ զրույցում փաստաբան Սիրանուշ Սահակյանն, օրինակ ասել էր, որ հենց առաջին նիստում Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Վարդանյանը նաև առաջարկել էր մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության զոհերի հիշատակը՝ անկախ ազգությունից: Սակայն այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցները ոչինչ չէին հրապարակել, փոխարենը հրապարակել էին Արայիկ Հարությունյանի՝ իբր ներողություն խնդրելու մասին «ցուցմունքները »:

News.am