Ուկրաինայի Գերագույն ռադան երկարաձգել է ռազմական դրությունը և զորահավաքը
Ուկրաինայի Գերագույն ռադան երեք ամսով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը, երկարաձգել է ռազմական դրության և զորահավաքի գործողությունը։
Ինչպես իր տելեգրամյան ալիքում հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը՝ ռազմական դրության երկարաձգման օգտին քվեարկել է 320 պատգամավոր։ Դեմ է արտահայտվել միայն մեկ պատգամավոր՝ Ալեքսեյ Գոնչարենկոն «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից, իսկ ևս 16 պատգամավոր քվեարկությանը չեն մասնակցել։
Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգվել են 16-րդ անգամ։ Դրանց երկարաձգման օգտին քվեարկել է 304 պատգամավոր։ Ալեքսեյ Գոնչարենկոն կրկին դեմ է քվեարկել, իսկ մեկ այլ պատգամավոր՝ «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գեորգի Մազուրաշուն, ձեռնպահ է մնացել։
Ռազմական դրությունը և զորահավաքն Ուկրաինայում առաջին անգամ մտցվել են 2022 թվականի փետրվարին՝ Ռուսաստանի Դաշնության զորքերի լայնածավալ ներխուժումից հետո։ Նախորդ անգամ դրանք երկարաձգվել են մինչև 2025 թվականի ապրիլը։
Ուկրաինայի ռազմական դրության ժամանակահատվածում արգելվում է ընտրություններ անցկացնել։ Ուկրաինայում չեն անցկացվել 2023 թվականի հոկտեմբերին նախատեսված Գերագույն ռադայի պատգամավորների ընտրությունները, ինչպես նաև նախագահական ընտրությունները, որոնք խաղաղ պայմաններում պետք է տեղի ունենային 2024 թվականի մարտին։ Ռուսաստանի իշխանություններն ու պրոպագանդան ընտրությունների չանցկացման պատճառով օգտագործում են այն վարկածը, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդմիրի Զելենսկին «ոչ այնքան լեգիտիմ» է։
News.am