UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում

UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Նեմրութ լեռան վրա իրականացվում են հայկական հնագույն քարակերտ արձանների պահպանման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

2022 թվականին մեկնարկած վերականգնման և պահպանման աշխատանքները դրական արդյունք են տվել և այժմ լեռան խորհրդանշական կոթողների համար սկսել են օգտագործել նանո լուծույթներ, մասնավորապես, նանո կրաքար՝ նպաստելով այդ արձանների երկարակեցությանը։

Նշյալ աշխատանքներն իրականացվում են Գազիանթեփի վերականգնման և պահպանման տարածաշրջանային լաբորատորիայի և Ադըյամանի թանգարանի տնօրինության աշխատակիցների կողմից:

Նշենք, որ Նեմրութ լեռան (2.164 մետր) դամբարանաբլուր սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։ Նրան թագադրել է Տիգրան Մեծը տիգրանյան թագով: Հենց այդ թագով էլ Անտիոքոս Կոմմագենացու արձանը ներկայացված է Նեմրութ լեռան սրբավայրում:

News.am