«Ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ». Փաշինյանը՝ իր ավտոշարասյան կողմից հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելու մասին

Պատկերացրեք՝ դուք ավտոբուսի մեջ նստած եք, ու վարորդը մարդու վրաերթի ենթարկի, ու հետո լրագրողները գան ձեր հետևից ու հարցնեն՝ ինչո՞ւ վրաերթի ենթարկեցիք մարդուն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ավտոշարասյունը մահացու ելքով վրաերթի էր ենթարկել հղի կնոջը, և մինչ օրս պատասխան տվող չի եղել։

«Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն ու տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն է։ Ես հետևը նստած էի։ Եթե ես մեքենաներից մեկի ղեկին լինեի, այլ բան, իսկ այս դեպքում ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ և երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ես զանգել եմ, ցավակցել եմ։ Դատավարություն է տեղի ունենում։ Ի՞նչ անեմ ես։ ԵՌս նույնիսկ վկա չեմ այդ գործով, որովհետև ես դա չեմ էլ տեսել, ես նստած եմ եղել մեքենայի մեջ, այդտեղ էլ նստած մնացել եմ։

Պատկերացրեք, մետրոյի վագոնում նստած ենք, երեք վագոն այն կողմ մարդ ու են վրա երթի ենթարկում, դուք ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ։ Այսինքն ես մեկին ասել եմ՝ մարդուն վրաերթի ենթարկի՞ր»,–ասաց Փաշինյանը։

Նա նկատեց, որ Հայաստանի ոչ մի ղեկավար իր չափ չի տեղաշարժվել. «Մարզ եմ գնում, գյուղ եմ գնում, Երևանի մեջ եմ գնում»։

News.am