ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅՈՒԵՅ

Տառապանքներ Մ6 մայրուղու վրա

Երբեմն փոքրիկ Հայաստանը հիրավի անծայրածիր է թվում, ինչպիսին մեզ պատկերացավ Վանաձորից դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն տանող ճանապարհը։

Մ6 միջպետական մայրուղին, ցամաքային միակ, ծայրաստիճան ծանրաբեռնված հաղորդակցական ուղին, որ կապում է Հայաստանն արտաքին աշխարհի հետ, մինչև վերջին տարիները սարսափելի վիճակում էր։ Կտրուկ շրջադարձեր,  մահացու վտանգավոր ոլորաններ, առանձին հատվածներում ժամանակից և ծանր բեռնաֆուրգոնների անվերջանալի հոսքից լիովին քայքայված ասֆալտի ծածկույթ։ Հաճախ պարզապես անհնար է խուսավարել. երթևեկությունը միակողմանի է։ Խարխլված թունելներ, որոնց միջով անցնելը մեծ բեռնատարների համար իսկական սխրանք է։ Երբեմն դրանց՝ նեղ ու ցածր թունելներում լռվածներին, հարկ է եղել դուրս քաշել ծանր տեխնիկայի օգնությամբ։ Շունչը փչող կամուրջներՀայուեյ չէ, մի խոսքով։

Եթե տեղացիները գոնե ճշգրիտ գիտեն ավտոճանապարհի բոլոր վտանգավոր հատվածները և այդտեղով շարժվում են ցածր արագությամբ, ապա օտարները սլանում են ճանապարհով և, չհաղթահարելով հանկարծակի հայտնված կտրուկ շրջադարձը, 100 կմ արագությամբ թռչում են ուղիղ խոր անդունդ

Մայրուղու վերակառուցումը սկսել են դեռևս 2016 թվականի սեպտեմբերին և անցած տարիների ընթացքում ճանապարհի 96 կիլոմետրից անցել մոտ մեկ երրորդը, հասնելով մինչև Քոբայր։ Համաձայն ծրագրի, երկու մարզերի՝ Լոռու և Տավուշի 33 համայնքների միջով անցնող ավտոճանապարհը պետք է կառուցվի 32 ամսում և ամբողջությամբ շահագործման հանձնվի 2020 թվականի հունվարին։ Սակայն, չնայած պաշտոնյաների բոլոր հավաստիացումներին, թե ճանապարհը նույնիսկ ավելի շուտ կհանձնեն, բոլոր ժամկետները վաղուց խախտված են, և աշխատանքների վերջը դեռ չի երևում։ Դեռևս ավարտված չէ մայրուղու նույնիսկ առաջին՝ Վանաձորից Ալավերդի տանող հատվածը, 38,5 կմ երկարությամբ (ըստ ծրագրի դա պետք է պատրաստ լիներ դեռ անցած տարվա մարտին), թեև աշխատանքների ընթացքն արագացնելու համար այն բաժանված է երեք հատվածի, որտեղ միաժամանակ աշխատում են շինարարական երեք կազմակերպություններ։ Մայրուղու երկրորդ՝ Ալավերդուց Բագրատաշեն ընկած 58-կիլոմետրանոց հատվածում աշխատանքները պետք է մեկնարկեին դեռևս անցած տարվա գարնանը, սակայնտես նախորդ նախադասությունը։

Պայթյուն, և երթևեկությունը կարող է կանգ առնել մի քանի ժամով, իսկ երբեմն էլ՝ մեկ ամբողջ օր։ Բազմակիլոմետրանոց խցանումներԱյս կամ այն հատվածներում աշխատողները կանաչ ու կարմիր դրոշակներով մերթ կանգնեցնում են երթևեկությունը, մերթ արագ բաց թողնում կուտակված մեքենաները։ Մեր բախտը դեռ բերեց. կանգնեցրին միայն երեք տեղում, 10-15-ական րոպեով, իսկ այ Վանաձորից ավելի ուշ դուրս եկած մեքենան, ինչպես պատմեցին, խցանման մեջ մնացել էր 2,5 ժամ։ Լեռնային ապարի պայթյունը նախատեսվածից ավելի ուժեղ էր ստացվել, այնպես որ քարերի ահռելի զանգվածը մեծ տարածքով ցաքուցրիվ էր եղել մայրուղու վրա, և մինչ բեռնում ու հեռացնում էին ինքնաթափերով, ճանապարհը փակ էր։

Անցած տարվա հունիսին Մ6 մայրուղում տեղի ունեցավ ճանապարհի հիմնապատի փլուզում։ Երթևեկությունն այդտեղ կանգնեցվեց և ուղղորդվեց այլընտրանքային ուղիով, իսկ դա նշանակում է միայն «մեքենան վարի տալ» երկար ու վատ ճանապարհի վրա։ Նույն 2018 թվականին, ասֆալտապատման  հետ կապված, Վանաձոր-Ալավերդի ճանապարհն ընդհանրապես փակվեց օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը։

Այստեղ առանց լուրջ տեխնիկայի գործը գլուխ չի գա. ճամփեզրի համառ ժայռերը մեկ սանտիմետր անգամ չեն զիջի հենց այնպես, առանց դիմադրության։ Ահա թե ինչու ես շարունակ դեմ առնում շինարարական ծանր տեխնիկայի համաշխարհային բոլոր բրենդներին. Caterpillar, Volvo, Hyundai… Առավոտյան մթնշաղին առջևում հազիվ ես նշմարում բուլդոզերների, հորատիչների, էքսկավատորների դեղին ուրվագծերը, բազմատոննանոց ինքնաթափերը. մի խոսքով, բեռնատար-փոխադրիչ տեխնիկայի բոլոր տեսակները։

Աշխատանքը եռում է։ Տեղադրվում են բետոնե հիմնապատեր, ամենավտանգավոր հատվածներում ճամփեզրի ժայռերից  «կորզված» մետրերի հաշվին  ճանապարհը լայնացվում է, կտրուկ շրջադարձերն ավելի սահունացվում են, ընդարձակվում է վարորդների տեսադաշտը։ Պատշաճ տեսքի են բերվում 12 կամուրջներ և 3 թունելներ, որոնց մեծամասնությունը պարզապես վթարային վիճակում էր։

Հետաքրքիր է, որ շինարարական-հորատման աշխատանքների ընթացքում լեռնապարի մեջ հայտնաբերվել են ահռելի գուռ-կարասներ (գուցե գինու, գուցե որևէ այլ բանի), գրեթե մարդաբոյ, որոնցից մեկը՝ կիսաճաք ու ժապավեններով կապկպված, այդպես էլ թողել են ճամփեզրին՝ ի հիշատակ վաղնջական ժամանակներում այստեղ ապրած մեր նախնիների։ Մյուս երկուսը խնամքով պեղել են և տարել հետազոտելու։

Ժամկետների խախտման հետ մեկտեղ, ամենայն հավանականությամբ, կաճի նաև շինարարական աշխատանքների նախահաշիվը։ Առայժմ խոսքը մոտավորապես 100 մլն եվրոյի մասին է։ Եվրոպական ներդրումային բանկը հատկացրել է 51 մլն եվրո վարկ, Ասիական զարգացման բանկը՝ ևս 44 մլն եվրո։ Պետությունը նույնպես համաֆինանսավորում է նախագիծը։

Շինարարական ոլորտի խնդիրների վերաբերյալ կառավարության վերջերս տեղի ունեցած խորհրդակցությունում վարչապետ Փաշինյանը խոստովանեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում առկա ենթակառուցվածքների մակարդակը, այդ թվում ավտոճանապարհային շինարարության ոլորտում, մտահոգություն է առաջացնում։ Հավելենք. այն էլ ինչպիսի՜  մտահոգություն։ Ահա և, ինչպես ասում են, զառը քոնն է, կառավարություն, դու էլ խաղա. արագ ու որակով ավարտիր Մ6 մայրուղու վերակառուցումը։ Ներկա ժամանակներում ՝ իսկական «կյանքի ճանապարհը» Հայաստանի համար։

Մինչդեռ կառավարության ծրագրի նախագծի տրանսպորտի բաժնում նշված է 550 կմ երկարությամբ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը շարունակելու անհրաժեշտությունը, որի կեսն էլ պատրաստ չէ, բայց ոչ մի բառ չկա ընդամենը 90 կմ երկարությամբ ոչ պակաս կարևոր Մ6 մայրուղու մասին։ Այն միջպետական ավտոճանապարհի, որով Հայաստան է գալիս հացահատիկը, ասենք՝ և ընդհանրապես ամեն ինչ։ Եթե ամեն տարի, ինչպես նախկինում, շահագործման հանձնվի ճանապարհի 10-ական կիլոմետր, ապա Վրաստանի սահմանին մենք կհասնենք մոտ 6-7 տարի անց։ Ստացվում է, որ կառավարությունը հանձն չի առնում իր գործունեության ժամանակահատվածում ավարտել և շահագործման հանձնել այսօրվա դրությամբ (ասենք՝ նաև անորորշ ապագայում) ռազմավարական ոչ պակաս կարևորություն ունեցող արագընթաց երթևեկության ավտոմայրուղին, քան Հյուսիս-Հարավն է։ Ալավերդու հայուե՞յ։ 

Երևան-Վանաձոր-Ալավերդի-Թեղուտ-Երևան

Основная тема:
Теги: