ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ՊՂՆՁԻ

Ուժգին քամին Թեղուտի պոչամբարից վեր բարձրացրեց սպիտակ փոշու ամպը, որին անխռով հետևում էին գյուղի կենտրոնում հավաքված մի քանի տասնյակ բնակիչներ։ Բնավ դա չէ այսօր հուզում գյուղացիներին։ Կվերականգնի՞ արդյոք աշխատանքը Թեղուտի լեռնահանքային համալիրը. սա է այս վայրերում հիմա ամենատարածված հարցը։

Թեղուտի հարցին գումարվել է նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանի խնդիրը, որը նույնպես կանգ է առել հոկտեմբերի 19-ից, իսկ աշխատողներին «Վալլեքս»-ի նախագահ Վալերի Մեջլումյանի որոշմամբ մինչև ս.թ. փետրվարի վերջ վճարում են աշխատավարձի երկու երրորդը։ Բայց մարտի 1-ի մոտենալուն պես մի քանի հարյուր մարդ կզրկվի նաև դրանից։ Ահա թե ինչու են նրանք անընդհատ փակում Երևան-Թբիլիսի երկաթուղային ճանապարհը։

Պղնձաձուլարանը շահագործող «Էյ-Սի-Փի» (Armenian Copper Programme) ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանն ասում է. «Հարցը հասունացել է այնքան, որ կառավարությունն ունի այն լծակները, որոնք չունենք մենք։ Քանի ամիս է արդեն՝ մենք խնդրում ենք, որ մեր հարգարժան կառավարությունը կիրառի գործիքները իր լծակների, որ մի սեղանի շուրջ նստեն ՎՏԲ բանկի, կառավարության և «Վալլեքս»-ի ներկայացուցիչները, որպեսզի այս հարցին լուծում տրվի, թե ինչ լուծում, դա արդեն երկրորդական հարց է։ Բացասական պատասխանն էլ է պատասխան։ Հիմա մեր ճակատագիրը առկախված է, քանի որ մինչև այսօր մեզ համար անորոշ է բանկի դիրքորոշումը պղնձաձուլական գործարանի շուրջ, թե վերջիվերջո ինչ է լինելու։ Սա լրջագույն խնդիրներ է ստեղծում մեր աշխատանքը վերսկսելու գործում»։

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում պատգամավորները երկու քաղաքակազմավորող ձեռնարկությունների ճակատագրի մասին հետաքրքրվեցին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որը նշեց, թե բոլոր խնդիրներն առաջացել են այն բանից հետո, երբ «Վալլեքս» խմբի ընկերությունները անկարող են գտնվել սպասարկել ՎՏԲ բանկի վարկը, որը գրավի տակ է վերցրել ինչպես Թեղուտի լեռնահանքային համալիրը, այնպես էլ Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ «Փաստորեն անցյալ տարի մենք հասանք համաձայնության, որ ՎՏԲ բանկը պետք է դառնա Թեղուտի սեփականատերը, պետք է ներգրավի նաև պղնձի ոլորտում հայտնի օպերատորի, որը պետք է հանքը աշխատացնի, և այս համատեքստում պետք է աշխատի նաև պղնձաձուլարանը»,- ասաց կառավարության ղեկավարը։

Սակայն հետո, մի քանի պատճառներով «նախկին պայմանավորվածությունների համակարգը սկսեց քանդվել, և հիմա բանակցությունները վերադառնում են ինչ-որ զրոյական կետի»։ «Մենք կրկին բանակցություններ ենք վարում ՎՏԲ բանկի հետ, քանի որ օպերատորը հրաժարվել է աշխատել ստեղծված իրավիճակում։ Ընկերությունների հետ բանակցությունները հիմա մտնում են նոր փուլ։ Մենք պետք է աջակցենք հարցի առավելագույնս արագ կարգավորմանը»,- հայտարարեց վարչապետը։

Թեղուտի հանքը չի աշխատում արդեն մեկ տարի։ Եվ ոչ միայն ՎՏԲ բանկին ընկերության պարտքի պատճառով. պոչամբարի տեխնիկական վիճակը հույսեր չի ներշնչում, և այն հետազոտում են մասնագետները Բուլղարիայից, որոնք պետք է առաջարկեն դրա վերակառուցման լավագույն լուծում՝ հետագա անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով։ Իսկ ընդհանրապես, ինչպես նշեցին թեղուտցիներն ու շնողցիները, անընդհատ ինչ-որ մարդիկ են գալիս ձեռնարկություն։ Համալիրը չի գործում, բայց վարչության շենքի առջևի ատոկայանատեղը գերլցված է, այդ թվում նաև ձեռնարկության հսկիչների մեքենաներով։

Գյուղում խոսակցություններ են գնում, թե կան երկու ընկերություններ, որոնք հետաքրքրություն են հանդես բերում հանքի նկատմամբ։ Իսկ ՎՏԲ-ի հետ բանակցելուց և հետևաբար համալիրի շահագործումից հրաժարված «պղնձի ոլորտում հայտնի օպերատորը», որի մասին հիշատակում էր վարչապետը, ոչ այլ ոք է, քան ռուսաստանցի հայտնի ներդրող, մեր հայրենակից Նորայր Պետրոսյանը, որն այս վայրերում հայտնի է որպես Քիթ Նորո։ Գործարարը մոտ է կանգնած Սամվել Կարապետյանի (Տաշիրի Սամո) կառույցներին և Ռուսական պղնձային ընկերությանը, որը լավագույն տարբերակը կլիներ Թեղուտի հանքի համար։ Ավաղ

Օրերս Ալավերդու Մշակույթի տանը տեղի ունեցավ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանդիպումը «Էյ-Սի-Փի» ընկերության 400 աշխատողների հետ։ Մարզպետը հայտնեց, որ ձեռնարկության աշխատողների ճակատագրի վերաբերյալ խոսել է երկու փոխվարչապետների և ՎՏԲ բանկի ներկայացուցիչների հետ։ Եվ ավելացրեց. «Թեղուտի և Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրները քննարկվում են միասին, այսինքն հնարավոր է՝ երկու ընկերությունների աշխատանքը իրականացվի միաժամանակ»։

Ի պատասխան՝ «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը նկատեց, որ «Թեղուտը» սեպտեմբերից անցել է ՎՏԲ բանկին և այդ ընկերությունն այլևս «Վալլեքս» խմբի կազմում չէ։ Այնպես որ՝ «թե ինչ իրավական գործընթացներով է շարժվում «Թեղուտ» ընկերությունը, դա «Էյ-Սի-Փի» ընկերության հետ կապ չունի»։ «Եկեք «Թեղուտ» ընկերությունը և «Էյ-Սի-Փի» ընկերությունը մեկընդմիշտ դիտարկենք որպես իրավաբանական տարբեր միավորներ և առանձնացնենք։ Թեղուտի աշխատել-չաշխատելը գործարանի (պղնձաձուլական) աշխատել-չաշխատելու հետ կապ չունի։ Գործարանն աշխատել է մինչև Թեղուտի աշխատելը և Թեղուտի կանգառից հետո։ Մենք ունենք գործարանի հումքի մատակարարման առնվազն երկու աղբյուր։ Ես ուզում եմ, որ այդ մոլորությունը վերացվի։ Մարդկանց միջից դուրս գա այն միտքը, որ եթե Թեղուտը չաշխատեց, գործարանն էլ չի աշխատելու»,- ասաց Լ.Մեջլումյանը։ Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը արձագանքեց Լ.Մեջլումյանի առարկություններին, ասելով. «Բնականաբար, «Էյ-Սի-Փի»-ն առանձին ընկերություն է, բայց պատկանում է «Վալլեքս»-ին և նույնպես գրավադրված է ՎՏԲ-ում 308 մլն դոլար վարկի դիմաց։ Հետևաբար, ես նորից եմ կրկնում, բանկը գտնում է, քանի որ պղնձաձուլական գործարանը նույնպես գրավադրված է, ապա «Էյ-Սի-Փի»-ն նույնպես ՎՏԲ բանկի սեփականությունն է կամ կդառնա այդպիսին։ Հետևաբար ՎՏԲ բանկը դիտարկում է այդ երկու ընկերությունները միասին և մեկ հարթության վրա»։

Այս բոլոր իրավական հարցերը չեն հուզում աշխատողներին, որոնք ընդամենը ցանկանում են վերականգնվել իրենց աշխատանքում։ Նրանց պատվիրակությունն օրերս ուղևորվեց Երևան, որտեղ հանդիպեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որը հուսադրեց մետաղագործներին, բայց դարձյալ ոչ մի կոնկրետ բան չասաց։

Վերջերս Ալավերդու Ավագանու խորհրդի կողմից կառավարությանը հղված ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ընդերքի հարստությունների առկայության պայմաններում չհիմնավորված շռայլություն է հանքարդյունահանող արդյունաբերության զարգացման պետական խելամիտ ծրագիր չմշակելը։ Հայաստանը պետք է դադարի հումքային կցորդ լինելուց՝ ոչ թե հանքարդյունահանող ձեռնարկությունները փակելու, այլ բնապահպանական լուծումներով հանքավերամշակող ձեռնարկություններ կառուցելու եւ մետաղական վերջնական արտադրանքով համաշխարհային շուկա մտնելու ճանապարհով: Կաշենի, Քաջարանի և Ախթալայի պղնձի խտանյութերի հաշվին պետք է ապահովել Ալավերդու պղնձաձուլական գործարանը հումքի անհրաժեշտ քանակով: Համայնքին կարևոր է այս ամենին զուգահեռ պետական մակարդակով նպաստել և իրագործել Չինական պղինձ ծրագիրը»։

Ավագանու խորհուրդը պահանջում է կոնկրետ քայլեր ձեռնարկել հայրենալքության արդեն հասունացած ալիքը կանխելու ուղղությամբ, այլ ոչ թե աշխատատեղեր խոստանալ անորոշ ապագայում։

Երևան-Ալավերդի-Թեղուտ-Շնող-Երևան

Основная тема:
Теги: