ՌՀԿՀԽ-ն դիմել է ՅՈւՆԵՍԿՕ -ի գլխավոր քարտուղարին

Ռուս-հայկական կազմակերպության համակարգող խորհուրդը (ՌՀԿՀԽ) դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար տիկին Օդրի Ազուլեին։

«2019 թվականի մարտի 5-7-ը Ձեր՝ որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, առաջին պաշտոնական այցի կապակցությամբ Ռուս-հայկական կազմակերպության համակարգող խորհուրդը Ձեր ուշադրությունն է հրավիրում վանդալիզմի հրեշավոր փաստի վրա, որը տեղի է ունեցել Ադրբեջանական Հանրապետությունում։ 1998-2005 թվականներին Ադրբեջանում, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում, որն անցյալում պատմական Հայաստանի մի մասն էր, Ջուղա քաղաքի (Հին Ջուղա) մոտ  տեղի է ունեցել գերեզմանատան նպատակաուղղված ոչնչացում՝ այնտեղ գտնվող հազարավոր միջնադարյան հայկական խաչքար-հուշարձանների ոչնչացմամբ։

Համաձայն  Հուշարձանների պահպանության միջազգային խորհրդի (ICOMOS), արեւմտյան ԶԼՄ-ի եւ հայկական աղբյուրների՝ հայկական մշակույթի հնագույն հուշարձանների ոչնչացումը նախաձեռնվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Հայկական գերեզմանատանը գտնվող բոլոր խաչքարերը ջարդուփշուր են արվել զինվորական հագուստով մարդկանց կողմից՝ ծանր շինտեխնիկայի օգնությամբ։ Մահարձանների խոշոր կտորները ամբարձիչների օգնությամբ բեռնել են վագոնները եւ տեղափոխել երկաթուղով, հավանաբար՝ որպես շինանյութ հետագայում օգտագործելու համար։ Հուշարձանների ավելի փոքր կտորները բեռնվել են բեռնատարներում եւ նետվել Արաքս գետը։ Իսկ Ջուղայի գերեզմանատունը, որը հայկական մշակույթի ամենամեծ հուշարձաններից մեկն էր, վերածվել է հրաձգարանի...

Այս աղաղակող ակտը, ցավոք, չի արժանացել միջազգային հանրության դատապարտմանը։ Չեն հաջորդել խիստ պատժամիջոցներ այդ երկրի դեմ, որը կազմակերպել է ցեղասպանական այս բարբարոսական ակցիան հայկական մշակույթի հանդեպ։ Այնինչ, հայկական խաչքարերը 2010 թվականին ներառվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի (Միավորված Ազգերի Կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի հատուկ հաստատություն) ոչնյութական մշակութային ժառանգության ցուցակում։ Այժմ բոլորի կողմից ընդունված է, որ հայկական խաչքարերը համաշխարհային արվեստի գլուխգործոցներ են։ Աշխարհի ամենամեծ թանգարանները պատիվ են համարում իրենց հավաքածուներում գոնե մեկ խաչքար ունենալ։

Ոչնչացումից առաջ Ջուղայի հայկական գերեզմանատունը խաչքարերի աշխարհում ամենամեծ հավաքատեղին էր։ 20-րդ դարասկզբին այնտեղ 6 հազար խաչքար էր հաշվվում։ 20-րդ դարավերջին դրանց թիվը կրճատվել էր մինչեւ 3 հազարի։ Եվ ահա՝ 20 եւ 21-րդ դարերի եզրագծում ադրբեջանցի վանդալները ավարտին հասցրին իրենց կեղտոտ գործը։ Հայկական այդ հուշարձանների երբեմնի գեղեցկության եւ դրանք ստեղծած հայ վարպետների տաղանդի մասին այժմ վկայում են միայն պահպանված լուսանկարները։ Վայրագությունն ավելի քան ակնհայտ է։

Հարգարժան տիկին Ազուլե։ Ռուս-հայկական կազմակերպության համակարգող խորհուրդը վճռականորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների բարբարոսական վերաբերմունքը ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական մշակույթի եւ արվեստի հուշարձանների հանդեպ եւ կոչ է անում Ձեզ գնահատական տալ Ջուղայում (Հին Ջուղա) խաչքարերի ոչնչացմանը։ Խնդրում ենք Ձեզ նաեւ միջոցներ ձեռնարկել հետագայում նման որեւէ բան թույլ չտալու համար ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Քանզի յուրաքանչյուր ազգի գլուխգործոցները, անկասկած, ողջ մարդկության սեփականությունն են»,- ասվում է դիմումում։