Հովհաննիսյան․ Ադրբեջանի ԶՈՒ զորավարժությունը ճնշման փորձ է

2019-ի մարտի 11-ից 15-ը ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը նախատեսում են խոշորագույն զորավարժություն՝ հարձակողական բնույթի, սակայն Վիեննայի փաստաթղթի շրջանակում դրա վերաբերյալ չի ծանուցվել մասնակից երկրներին։ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այս բովանդակությամբ հայտարարություն է հրապարակել՝ ենթադրելով, որ զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է։

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ

«Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման եթե ընդգրկված են`

1.ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ,

2.ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ,

3.ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ,

4.ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):

Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարել այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետև ներկայումս խոշորագույն զորավարժություն իրականացնող երկրները հազվագյուտ են:

Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների, եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, ապա պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում և սահմանված կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին:

Տեղեկացնում եմ, որ ս.թ. մարտի 11-ից 15-ը ժամանակահատվածում ԱՀ զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն հետևյալ կազմով.

1. անձնակազմ` 10 000 մարդ,

2. մինչև 500 մարտական տանկեր և այլ զրահապատ տեխնիկա,

3. ամենաքիչը 300 միավոր տարբեր տրամաչափի ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ և ռեակտիվ համազարկային միջոցներ,

4. բանակային ավիացիայի ավելի քան ավելի քան 20 միավոր մարտական ինթնաթիռներ և ուղղաթիռներ:

Զորավարժությունը կրելու է հարձակողական բնույթ: Զորավարժության խնդիրներն են.

- զորքերի նախապատրաստում հարձակողական գործողությունների,

- հարված պայմանական հակառակորդին մի քանի ուղղություններով, խախտելով իր պաշտպանական և մարտական դասավորվածությունը,

- հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել հակառակորդին, ոչնչացնելով նրա ռազմական և ռազմավարական նշանակության կարևոր կառույցները,

- նոր տեսակի սպառազինության և տեխնիկայի փործարկումներ:

Տեղեկացնում եմ, որ ԱՀ-ն ՎՓ-11-ի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությաբ վերոնշյալ զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին և նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, ԱՀ պարտավոր է այդ մասին ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից դեռևս ծանուցում չի ստացվել:

Եզրակացություն.

Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի չզիչելու Ադրբեջանին»:

Основная тема:
Теги: