ՆԱՏՕ-ն հասկանում է Հայաստանի դրդապատճառները Սիրիայում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։

«ՆԱՏՕ-ն, ինչպես գիտեք, այդօրինակ հակամարտությունների լուծմանը չի մասնակցում և չի միջամտում, բայց, անհերքելի է, իհարկե, որ խաղաղությունն ու անվտանգությունն այս տարածաշրջանում ուղղակիորեն հետաքրքրում է ՆԱՏՕ-ին ու շատ կարևոր է մեր գործընկերների ու դաշնակիցների համար», - ասաց Ջեյմս Ապաթուրայը։

Նա նշեց՝ ՆԱՏՕ-ին ոգևորում են Հայաստանի նոր կառավարության ջանքերն այս ուղղությամբ.

«Մեզ քաջալերում է, որ Հայաստանի նոր կառավարությունը նոր ջանքեր է ներդրում քաղաքական գործընթացի մեջ ու բանակցությունների ընթացքին միտված է։ Մեզ նաև քաջալերում է շփման գծում փոխադարձ հրաձգության շոշափելի նվազեցումը, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք ներդրվել են ոչ միտումնավոր էսկալացիան կանխելու նպատակով», - ասաց Ջեյմս Ապաթուրայն՝ ընդգծելով.

«ՆԱՏՕ-ի գնահատականն աներկբայորեն այն է, որ այս հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով կարող է հանգուցալուծվել։ Այս հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ և սա այն ուղերձն է, որը մենք փոխանցում ենք ու ես անձամբ բոլոր կողմերին հայտնել եմ այն»։

Основная тема:
Теги: