Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի արդյունքները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը:

Քննարկումների արդյունքում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվել է Արցախի անվտանգության համակարգը և վերահաստատվել է, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են և գտնվում են բարձր մակարդակի վրա: Միևնույն ժամանակ հայկական երկու կողմերը վերստին ընդգծել են իրենց աջակցությունը եւ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։

Փաշինյանն մասնավորապես նշեց

«Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:»

Համատեղ նիստի շրջանակում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: Կարևորվել է խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում:

Основная тема:
Теги: