Առաջին բախումները «թավշյա հեղափոխությունից» հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օպերայի թատրոնի հարակից կանաչ տարածքը և մշակութային միջավայրը վերականգնելու աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, տեղեկացնում է NEWS.am կայքը:

Նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։

Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են նշված հատվածի տարածքները ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Մասնավորապես, հիշեցվել է, որ քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։

Այսօր տարածքում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են։

Նշենք, որ այս պահին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներ են իրականացնում այդ հատվածում: Ոստիկանները հեռացնում են Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներին:

Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտայի մի հատվածը՝ նստելով հենց փողոցում: Ոստիկանները ուժով հեռացրին ցուցարարներին, սակայն նրանք մեկ այլ հատվածում են նստացույց սկսում:

Основная тема:
Теги: