Դարձավ նախագահ և առաջարկեց մայրաքաղաքը վերանվանել Նուրսուլթան

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվեց Ղազախստանի ժողովրդի առջև, տեղեկացնում է NEWS.am-ը։

Նա Ղազախստանի նախագահի պաշտոնն ստանձնեց մինչև ընտրական ժամկետի ավարտը։ Երդման արարողությունը տեղի է ունենում Ղազախստանի խորհրդարանի պալատների համատեղ նիստում, Մեջլիսի շենքում։

«Հանդիսավոր երդվում եմ հավատարիմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Սահմանադրությանը և Ղազախստանի Հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքները և ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վրա դրված բարձր պարտականությունները»,- երդման խոսքերն արտասանեց Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

ԿԸՀ նախագահ Բերիկ Իմաշևը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հանձնեց երկրի նախագահի վկայականը, կրծքանշանն ու պետության ղեկավարի դրոշը։

Արարողությունն ընթանում է խորհրդարանի պատգամավորների, Սահմանադրական խորհրդի անդամների, Գերագույն դատարանի դատավորների, կառավարության անդամների, օտարերկրյա պետությունների դեսպանների, ինչպես նաև Ղազախստանի առաջին նախագահի ներկայությամբ։