ԱԳՆ․ Անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը

Հայաստանի դիվանագիտական ցանցի ընդլայնման հնարավորությունը մշտապես եղել է մեր օրակարգում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այդ մասին խոսել է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերին իսրայելական թերթերից մեկին տված հարցազրույցում: Դա շարունակական գործընթաց է, որի զարգացման մասին հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- ասաց նա:

Անդրադառնալով երկու երկրների միջև փոխայցելությունների թեմային, թե արդյոք հնարավոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելի Իսրայել՝ Աննա Նաղդալյանը նշեց. «Մենք Իսրայելի հետ ունենք օրակարգ, որի բաղկացուցիչ մաս են կազմում փոխայցելությունները: Երբ հստակություն լինի այդ փոխայցելությունների շուրջ, մենք համաձայնեցված կերպով այդ մասին կհայտարարենք»,- ասաց նա:

Անդրադառնալով Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին Հայոց ցեղասպանության թեմայի շահարկմանը՝ ԱԳՆ խոսնակը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հարգելը նախևառաջ բարոյական հարց է: Նա նաև մատնանշեց, որ Հայաստանը իր մեծ ներդրումն ունի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում:

«Մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին»,- ասաց նա: