Թուլսի Գաբարդ․ «Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ԱՄՆ-ի կողմից»

ԱՄՆ Կոնգրեսում Հավայիներից ընտրված օրենսդիր, 2020թ. կայանալիք ընտրություններում նախագահի դեմոկրատ թեկնածու Թուլսի Գաբարդը կոչ է արել զգալի փոփոխություններ կատարել երկրի վարած արտաքին քաղաքականությունում և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով արդար բանաձև ներկայացնել, ինչպես նաև նպաստել Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու բարգավաճմանը:

Նախագահի թեկնածուն այս մասին ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակին (ANCA) ուղղված տեսաուղերձումորում նաև պատմել է 2017թ. Հայաստան և Արցախ կատարած այցի մասին:

«ԱՄՆ-ի հայ համայնքն ավելի քան մեկ դար իր դրական և ինտեգրալ դերակատարումն է ունեցել, և ես հպարտ եմ աջակցել այս համայնքին, կանգնել նրա` Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձևի ընդունման ձգտումների կողքին: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, որպեսզի մարդկության պատմության ամենասոսկալի հանցագործություններից մեկի վերաբերյալ արդար վճիռ կայացվի»,-ասել է Գաբարդը:

Նա նաև անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում իր միջնորդական դերը, սակայն միևնույն ժամանակ այն չպետք է շարունակի կեղծ հավասարության քաղաքականությունը և ազնվորեն չխոսի այն ժամանակ, երբ կողմերից որևէ մեկը խախտում է հրադադարի ռեժիմը:

«Միացյալ Նահանգներն անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար չպետք է առաջ տանի այնպիսի բանաձև, որը հիմնված կլինի միայն Արցախի ու Հայաստանի կողմից անհապաղ ու մշտական զիջումների վրա և միևնույն ժամանակ կենթադրի Ադրբեջանի կողմից համարժեք զիջումների բացակայություն»,- ասել է Գաբարդը:

Թեկնածուի համոզմամբ, «թեև հիմնախնդրի կարգավորման հարցում տարածքային ամբողջականության սկզբունքին հավատարիմ մնալը կարևոր է, այնուհանդերձ՝ կարևոր է նաև բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ներկայացուցիչների պալատի անդամ Գաբարդն ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:

«Հայոց ցեղասպանության թեմայով կասեմ, որ մենք կողմ ենք, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը»,-ասել է Գաբարդը:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչն ընդգծել է, որ այդ ճանաչումը դեռևս տեղի չի ունեցել՝ Վաշինգտոնում թուրքական լոբբիի ազդեցության պատճառով:

Основная тема:
Теги: