ԱՐԱԳ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱԿԱՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, ներդնելու համար ծանր հանցագործություններում մեղադրվողների ունեցվածքի բռնագրավման ինստիտուտներ՝ առանց մեղադրական դատավճռի և այդ սեփականության լեգալ ծագումն ապացուցելու մեղադրյալների պարտավորության, հաղորդում է PanARMENIAN.Net-ը։

Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հայտարարության մեջ, ՀՀ-ն վավերացրել է Եվրոպայի խորհրդի Վարշավայի համաձայնագիրը «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»։

Առանց մեղադրական դատավճռի ունեցվածքի բռնագրավման ինստիտուտը նախատեսված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայով», որը նույնպես Հայաստանը վավերացրել է։ Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման միջազգային խումբը (FATF) և Եվրոպայի խորհրդի Moneyval մոնիտորինգային խումբը համարում են, որ իրավական նման ռեժիմը անհրաժեշտ է։

2016 թվականին Եվրախորհուրդը հաստատեց Վարշավայի կոնվենցիային համապատասխանության մասին հաշվետվությունը, որտեղ առաջարկում էր Հայաստանին ընդունել օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց ծանր հանցագործություններ կատարած անձանցից կարելի կլինի հիմնավորում պահանջել իրենց ունեցվածքի ծագման մասին։ Նույնպիսի առաջարկներով հանդես եկավ նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD)։

Բայց լռելն անհնար է. հայկական իշխանության հերթական կասկածելի նախաձեռնությունը ակտիվորեն քննարկվում է փորձագիտական շրջանակներում, հարուցելով լուրջ մտահոգություն։ Կասկածելի բան այստեղ իրոք շատ կա, բայց է՛լ ավելի շատ է պարզապես վտանգավորը, ինչի մասին նախազգուշացնում են իրավագետներն ու տնտեսագետները։ Օրինակ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը օրերս հայտարարեց, որ տվյալ նախագիծը դանդաղ գործողության ական է և՛ երկրի, և՛ գործող կառավարության համար։ Ասենք ուղղակի. տիկին Հովհաննիսյանը սխալվում է։ Իրականում խոսքը արագ գործողության ականի մասին է։ Ակնհայտ է, որ այդ գործողությունն արդեն տեղի է ունեցել։ Այն պահին, երբ գաղափարը, ավելի ճիշտ՝ լուրջ մտադրությունը հրապարակվեց վարչապետի կողմից։ Այժմ տեղին է խոսել միայն պայթյունի ուժի մասին, դրա ավերիչ հետևանքների

Այն, որ բնագրավման վերաբերյալ իշխանության մտահղացումը օտարերկրյա հնարավոր ներդրողների մեջ սպանում է Հայաստանում ներդրում անելու ցանկությունը, ցերեկվա լույսի պես պարզ է։ Ո՞վ և հանուն ինչի՞ պետք է ռիսկի ենթարկի իր կապիտալը։ Իսկ ռիսկն այստեղ ակներև է. ենթադրվում է, որ ոմն մարդիկ առանց դատարանի վճռի որոշելու են՝ արդյոք լեգալ ծագում ունե՞ն այս կամ այն անձի ֆինանսներն ու ունեցվածքը։ Մի կողմից, ցանկացած խոշոր կապիտալ կարելի է կասկածի տակ առնել դրա ծագման օրինականության տեսանկյունից։ Մյուս կողմից, այդ ոմն մարդիկ նույնպես մարդ են, որոնց մարդկային ոչ մի բան խորթ չէ։ Համապատասխանաբար, կոռուպցիոն ռիսկերն այստեղ տեսանելի են, ինչպես ափիդ մեջ։

Ի դեպ, այդ ենթատեքստում վատ չէր լինի վերհիշել խոսակցություններն այն մասին, որ ժամանակին (նախկին իշխանության օրոք) առանձին պաշտոնյաների կոռուպցիոն հակումները խրտնեցնում էին օտարերկրյա գործարարներին, մասնավորապես՝ սփյուռքի ներկայացուցիչներին։ Իսկ այն, որ նոր իշխանության օրոք կոռուպցիան երկրում բնավ արմատախիլ չի արված, խոստովանում է ինքը՝ իշխանությունը, ասենք, կոնկրետ փաստեր էլ կան։

Ակնհայտ է և այն, որ գաղափարը պարզապես չի կարող առաջ չբերել երկրից կապիտալի արհահոսքի ալիք։ Հայաստանում կուտակած ցանկացած խոշոր կապիտալի լեգալ ծագումը կասկածի տակ առնելը շատ հեշտ է։ Ասենք, ի՛նչ խոշոր կապիտալ, արդեն ինքնին կասկածելի է, օրինակ, մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ մեքենա ունենալը, չենք խոսում արդեն առանձնատների, էլիտար շենքերում բնակարանների մասին և այլն։ Եվ ուրեմն, կարելի է չկասկածել, որ արդեն հիմա, բռնագրավման գաղափարի ազդարարման այս փուլում, շատերն են մտորում, թե ինչպես փրկեն «անխոնջ աշխատանքով վաստակածը»՝ դուրս բերելով դա երկրի սահմաններից։ Ամենայն հավանականությամբ, դա անել կհաջողվի բնավ ոչ բոլորին, բայց կփորձեն շատերը։ Այսպես թե այնպես երկիրը դժվար թե խուսափի ֆինանսների խոշոր արտահոսքից։

Այսպիսով, արդյունքների մի փոքրիկ ամփոփում կատարենք. նախաձեռնությունը, մեղմ ասած, արգելակում է միջոցների ներհոսքը երկիր և խթանում երկրից դրանց արտահոսքը։ Ընդգծեմ՝ արդեն հիմա իրավիճակն այդպիսին է, քանի որ կապիտալի տերերը, որը վաղը կարող է հայտարարվել անլեգալ, փաստորեն վաղօրոք իշխանության կողմից նախազգուշացված են սպառնալիքի մասին։

Թեպետ, կա շատ ավելի վտանգավոր սպառնալիք։ Այն կախվել է դեռևս ջրի երեսին մնացող և նույնիսկ կայուն բանկային համակարգի վրա՝ ամբողջությամբ վերցրած։ Ահա ուրեմն, պարզ է, որ կապիտալի մի ահռելի ծավալ, որը վաղը կարող է կասկածի տակ հայտնվել ծագման լեգալության տեսանկյունից, այսօր պահվում է բանկերում՝ նույն այդ ավանդների տեսքով։ Համապատասխանաբար, արդեն հիմա, կանխատեսելով իրենց միջոցների բռնագրավման ակնհայտ ռիսկերը, շատերը կնախընտրեն փողը պահել ոչ թե բանկում, այլ բարձի տակ։ Դա, իհարկե, պակաս արդյունավետ է, բայց հաշվի առնելով ծանուցված հեռանկարը, թերևս, ավելի անվտանգ է։ Իսկ դա նշանակում է, որ գաղափարը խթանում է կապիտալի արտահոսք ոչ միայն երկրից, այլև բանկային համակարգից։

Այո, խոսքը բնավ ոչ միշտ օրինականորեն վաստակած միջոցների մասին է։ Այստեղ կարելի է առարկել, թե ոչ ոք չի պատրաստվում դիպչել օրինական փողերին։ Բայց դարձյալ հարց է ծագում. իսկ ովքե՞ր են դատավորները։ Ո՞վ է կայացնելու բռնագրավման վերաբերյալ որոշումները, և որքանո՞վ են դրանք օբյեկտիվ լինելու։ Իսկ քանի որ այս հարցերն ի հայտ են գալիս, ապա առաջանում է նաև ինչ-որ կերպ ապահովագրվելու ցանկություն։ Ի՞նչ իմանաս, թե ինչ կկատարվի

Այո, հիմա բանկային համակարգում գործում են զտիչներ, որոնց առկայությունը խոչըդոտում է փողերի լվացմանը և անօրինականորեն ձևավորված կապիտալի ներթափանցմանը ոլորտ։ Եվ կարելի է ենթադրել, որ ավանդների նկատմամբ ոտնձգություններ բռնագրավման մեխանիզմը չի անի, քանի որ բանկային ոլորտ մտած, այդ զտիչներով անցած փողերի լեգալության վերաբերյալ կասկածներ չպետք է լինեն։ Եվ սակայն, հաշվի առնելով մարդկային և որոշ այլ գործոններ, ապահովագրված լինել, այսպես ասած, կառչելու հնարավոր պատրվակներից, չի կարող նույնիսկ բացառիկ օրինական կապիտալը։ Այնպես որ միջոցների անվտանգությունն ապահովելու տեսանկյունից շատերի համար բարձն արդեն այսօր ավելի հուսալի է թվում, քան բանկային դեպոզիտը։

Արժե՞ արդյոք խոսել այն մասին, թե ինչ կարող է կատարվել այն դեպքում, եթե սկսվի միջոցների զանգվածային դուրսբերում բանկային ոլորտից և դրանց տեղադրում բարձերի տակ։ Հեռանկարն այս, պարզ ասենք, ծայրաստիճան վտանգավոր է, և ոչ միայն բուն համակարգի համար։ Բանն այն է, որ այսօր հենց այդ ոլորտն է գլխավոր ներդրողը երկրի տնտեսության մեջ։ Դրա ապակայունացումը պարզապես կփլուզի տնտեսությունը գործնականում հիմն ի վեր։

Իհարկե, խնդիրն ունի երկու երես։ Մի կողմից՝ սոցիալական արդարություն ապահովելու, թալանվածը ժողովրդին վերադարձնելու իշխանության ազդարարած ձգտումը։ Անկասկած, դա սուրբ նպատակ է և ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել։ Բայց մյուս կողմից, այդ նպատակին հասնելու էնտուզիազմի պոռթկման մեջ իշխանությունը ենթարկվում է երկրի տնտեսությունը պարզապես իսպառ փլուզելու վտանգի։

Եթե բռնագրավման նախաձեռնությունը սահմանափակվեր պարզապես գաղափարի բարձրաձայնումով, ապա այդ դեպքում հնարավոր կլիներ խոսել դանդաղ գործողության ականի մասին, դատապարտել կամ բանավիճել դրա բացասական ու դրական կողմերի շուրջ։ Բայց, ավա՜ղ, պարզվեց, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է. խոսքը կոնկրետ նախագծի մասին է, որի իրագործումը լոկ ժամանակի հարց է։ Ուստիև ականի գործողությունը դանդաղ չէ և այսօր արդեն ներգործում է մարդկանց գիտակցության վրա

Основная тема:
Теги: