Արմեն Աշոտյանը հարցեր ուղղեց ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը ջանքեր է գործադրում Արևելյան Գործընկերության 10-ամյակի շրջանակներում ԵՄ-Ադրբեջան նոր Համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրումն իրականացնելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է NEWS.am-ը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս տարի լրանում է Արեւելյան Գործընկերության 10-ամյակը, որը նշելու համար մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակի Կոնֆերանս, Եվրոպական Միության եւ Արեւելյան Գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ:

Իմ ունեցած հավաստի տեղեկություններով, այդ միջոցառման շրջանակներում Ադրբեջանը ջանքեր է գործադրում ԵՄ-Ադրբեջան նոր Համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը (չշփոթել ստորագրման հետ) իրականացնելու համար:

Անցյալ շաբաթ այն մասին, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները մտնում են եզրափակիչ փուլ, հայտարարել էին ԵՄ Արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Մոգերինին եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Հաննը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տվյալ համաձայնագրում ԵՄ-ից կորզել մաքսիմալ բարենպաստ ձեւակերպումներ, առաջարկում եմ ՀՀ ԱԳՆ-ից ստանալ հետեւյալ հարցերի պարզաբանումները:

1. Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետեւում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:

2. Արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձեւակերպումները բավարարում են Հայաստանին եւ համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ»:

Основная тема:
Теги: