Պայման «Սանիթեքին»

Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ, հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ` պայման ներկայացնելով «Սանիթեք» ընկերությանը:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Մարությանն իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք:

«Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլևս այսպես հնարավոր չէ: Եվ, եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, և տույժեր ու տուգանքներ», - հայտարարել է նա:

Միաժամանակ նա նշել է, որ մայրաքաղաքում շարունակվում է անձրևատարների մաքրումը: «Սանիթեք» և «Վեոլիա Ջուր» ընկերություններին հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել համակարգված, որպեսզի աղբի կուտակումներ փողոցներում չլինեն:

«Անձրևների սեզոնը սկսվելու է, և ես չեմ ուզում, որ փողոցները լցված լինեն ջրով: Եթե, իհարկե, այնքան հորդ անձրև չլինի, որ համակարգը ի վիճակի չլինի ջուրը տանել: Դա օբյեկտիվ պատճառ է, բայց սուբյեկտիվ պատճառները պետք է բացառենք»,- նշել է քաղաքապետը:

Основная тема:
Теги: