«Լուսավոր Հայաստան»․ պետք է գնալ առաջ

Պետք է առաջ նայել, մինչդեռ հիմա քաղաքական ողջ օրակարգը նախկին ինչ-որ գործերի մասին է: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, տեղեկացնում է NEWS.am:

Անդրադառնալով փաստին, որ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասով, որի վերաբերյալ իր բաց նամակում հիշատակել էր պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Էդմոն Մարուքյանն ասաց. «Հիմա կարող են հարցեր լինել, թե ինչու ենք 1998-ից սկսում, պետք է ավելի հետ գնալ և այդպես կհասնենք 1990-1991 թվական: Օրինակ, Պառավաքարում Պարույր Հայրիկյանին և նրա թիմին ծեծի են ենթարկել, երբ նա նախագահի թեկնածու էր: Հիմա այդ փաստերով քրգործեր հարուցելու կարիք կա՞, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ պետք է առաջ նայել, երկիրը տեղից առաջ շարժել, իսկ նախկին գործերով թողնել, որ իրավապահները զբաղվեն և դա չպետք է զբաղեցնի քաղաքական ամբողջ օրակարգը: Հիմա քաղաքական ողջ օրակարգը նախկին ինչ-որ գործերի մասին է»:

Անդրադառնալով Վահան Շիրխանյանին բաց նամակին, ԼՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Կամ բաց նամակ կա Ռոբերտ Քոչարյանին, և ամբողջ նամակում հղում է արված Վազգեն Սարգսյանին: Ես կոռեկտ չեմ համարում հղում անել մահացած մարդուն, երբ հնարավոր չէ լսել զոհված մարդու կարծիքը: Եթե եղել է հայտարարություն, էլի նորմալ է, թող ՀՔԾ-ն զբաղվի: Եթե մենք հիմա ամբողջությամբ զբաղված լինենք 1990-ականների ինչ-որ հարցերով, մենք ուղղակի երկիրը հետ կտանենք»:

Теги: