Հովհաննես Խուդոյան. Քրեական հետաքննությունը իրականացվել է օրենքի կոպիտ խախտմամբ

«Պնդում ենք և նախկինում էլ պնդել ենք, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամաբ մեղադրանքի առաջադրումը և քրեական հետապնդում իրականացումը կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով»,-դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ 2018-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներով, նա կալանավորված է։

Խուդոյանը պնդեց՝ խախտվել են իր վստահորդի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ու ՀՀ Սահմանդրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, և հատկապես որպես ՀՀ պաշտոնաթող նախագահ ՀՀ Սահմանդրության 142 հոդվածով նախատեսված նախագահի անձեռնմխելիության իրավունքը։

Փաստաբանը պնդեց՝ վարույթն իրականացնող մարմինը խախտել է  Սահմանդրության մի քանի հոդվածներ։ Նա հիշեցրեց, Սահմանդրության համաձայն  ՀՀ նախագահն անձեռնմխելի է։

«Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել ու պատասխանտվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Սրանից բխում է, որ ՀՀ նախկին նախագահը ոչ միայն ենթակա չէ պատասխանատվության իր կարգավիճակից բխող գործողությունների համար, այլև առհասարկ չի կարող հետապնդվել»,-ասաց փաստաբանը։

Նա վկայակոչեց Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, որը բացատրում է, թե ինչ է նշանակում քրեական հետապնդում։

Խուդոյանն ասաց, Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում են այնպիսի արարքներ, որոնց կատարումը բխել է իր զբաղեցրած կարգավիճակից։

«Ռոբերտ Քոչարյանը ենթադրյալ գործողությունները կատարել է ոչ թե որպես անհատ, հասարակ քաղաքացի, այլ հանդես է եկել որպես ՀՀ նախագահ»,-ասաց պաշտպանը՝ ավելացնելով, որ վարույթ իրականացնող մարմինն իրենց հարցումներին չի պատասխանել, թե ինչ գործողություններ են մեղսագրվում Ռոբերտ Քոչարյանին, դրանցից որոնք չեն բխում նախագահի կարգավիճակից։

Խուդոյանն ասաց, առա այսօր ստացել են մի շարք չպատճառաբանված դատական ակտեր, իսկ այսօրվա բողոքը դրանց շարունակությունն է։

«Մենք դատարանին խնդրում ենք գնահատել 2018-ի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, գնահատել, թե որ գործողություններն են մեղսագրվում պարոն Քոչարյանին և արդյո՞ք այդ գործողությունները բխում են ՀՀ նախագահի կարգավիճակից։ Դատարանին խնդրում եմ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, ինչը նշնակում է, որ այդ ժամանակահատվածում կատարված բոլոր դատաիրավական գործողություններն ապօրինի են»,-բողոքի էությունը ներկայացրեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:

Նախ ընդմիջում հայտարարվեց, ապա նիստը հետաձգվեց։

Основная тема:
Теги: