Մերկել․ Եվրոպան կցանկանար միանալ չինական նախաձեռնությանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը կարևոր նախագիծ է անվանել, որին Եվրոպան կցանկանար մասնակցել։ Սակայն նա նշել է, որ դա նաև փոխադարձություն է պահանջում Պեկինից, տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք որպես եվրոպացիներ, ցանկանում ենք ակտիվ դեր խաղալ (նախագծում), և դա պետք է հանգեցնի որոշակի փոխադարձության, և մենք դեռևս մի փոքր վիճում ենք այս առիթով»,- ասել է Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ Փարիզում բանակցություններից հետո։

Նշենք, որ Սի Ցզինպինի Հռոմ այցելության ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանն Իտալիայի միանալու առթիվ։ Հունաստանը և Լեհաստանը նույնպես միացել են նախաձեռնությանը, բայց ԵՄ մյուս անդամները երկյուղներ ունեն, որ դա կարող է հանգեցնել Պեկինի ազդեցության ուժեղացմանը մայրցամաքի քաղաքականության վրա։

Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի» և «XXI դարի Ծովային մետաքսի ճանապարհ» միավորված նախագծերն են։ Նախաձեռնության նպատակն է Չինաստանի մասնակցությամբ միջազգային համագործակցության և զարգացման որոնման, ձևավորման և առաջմղման նոր մոդելի առաջմղումը գործող փոխգործակցության տարածաշրջանային երկկողմ և բազմակողմանի մեխանիզմների ու կառույցների օգնությամբ։ Հին Մետաքսի ճանապարհի ոգու շարունակման և զարգացման հիման վրա «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» կոչ է անում մշակել տարածաշրջանային տնտեսական գործընկերության նոր մեխանիզմներ, խթանել ներգրավված երկրների տնտեսական բարգավաճումը, ամրապնդել տարբեր քաղաքակրթությունների մշակութային փոխանակումները և կապերը բոլոր ոլորտներում, ինչպես նաև աջակցել խաղաղությանն ու կայուն զարգացմանը։ Պաշտոնական տվյալներով՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն ընդգրկում է Եվրասիայի մեծ մասը՝ միավորելով տարբեր երկրներ, այդ թվում «նոր տնտեսություններ» և զարգացած երկրներ։