ՄՈՐԱՔՐՈՋ ՀԱՐՍԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ

Խոստովանեք, թանկագին ընթերցողներ, ձեզ նույնպես վերջին ամիսներին չի՞ լքում այն զգացողությունը, որ «թիվ 6 հիվանդասենյակը» սրընթաց իրականության է վերածվում ողջ երկրի մասշտաբներով, և որ դրա հավանական հիվանդներն ապրում են մեր կողքին, ունեն կոնկրետ անուններ և նույնիսկ ուղղակի կապ իշխանության հետ։ Ինչպես նաև այն կպչուն զգացումը, որ նրանք իրենց զգում են Հայաստանի տերեր և համոզված են, որ աղաղակող տգիտությունը, ինտելեկտի իսպառ բացակայությունը, տարրական բաներ հասկանալու անկարողությունն ու պարզունակ անդաստիարակությունը ոչ մի կերպ չեն կարող արգելք հանդիսանալ բարձր պաշտոնում պետական գործունեության համար։ Այդ մարդիկ նաև համոզված են, թե հենց իրենց նմաններն այսօր պետք է պահեն Հայաստանի ղեկը, մի երկրի, որը հոգեպես առողջ քաղաքացիները համարում են քաղաքակիրթ պետություն, իսկ իրենց ազգը՝ անչափելի մտավոր ռեսուրսի և հնագույն, ամենահարուստ ու աշխարհով մեկ փառաբանված մշակույթի կրող։

Հիմքերը նման զգացողությունների համար վերջին տարիներին և հատկապես ամիսներին, ցավոք, առավել քան բավարար են։ Ամենն ու ամենքին թվարկելը անպատվաբեր և անօգուտ զբաղմունք է։ Ուստիև անդրադառնանք նրան, ով օրերս նորից ապշեցրեց բոլորին իր արտառոց վարքագծով, պետական պաշտոնյային և պարզապես դաստիարակված մարդուն անհարիր արարքներով։ Մանավանդ որ այդ մարդը կանոնավորապես, կարելի է ասել՝ նույնիսկ ամիսը չբոլորած, սթափ դատող քաղաքացիներին մատուցում է հայրենիքի ճակատագրի մասին դառնագույն մտորումների առատ սնունդ։ Եվ դա ամենևին էլ հերթական չարանենգ գրանտակերը չէ, այլ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Հենց նա, ով անցած տարվա ամռանը հաղորդեց վարչապետին, թե իրեն վստահված մարզում 40 հազար միավոր չգիտես, թե ինչը ջրարբիացվում է կաթիլային եղանակով, գաղափար անգամ չունենալով, թե առհասարակ ինչի մասին է խոսքը։ Հենց նա, ում մեջ ամուր նստած է համոզմունքը, թե երկրի տնտեսությունը բարձրացնել կարող են կոկորդիլոսները, և մտադիր է այդ նպատակով Արարատի մարզում ֆերմա կառուցել այդ սիրունիկ սողուններին բազմացնելու համար, ներդրումներ կորզելով բուն Տանզանիայից։ Կոկորդիլոսների և դրանց ձվերի թեմայի շուրջ, Սարգսյանի թեթև ձեռքով, չէին սրամտում թերևս միայն ալարկոտները։ Որից հետո մարզպետը դադարեց խոսել սողունների մասին. հավանաբար արգելեցին վարչական մեթոդներով։

Հնարավոր է նաև, որ ավելի կարևոր գործեր ի հայտ եկան նրա համար։ Օրինակ, դպրոցների տնօրենների հետ հաշվեպարզումները և իր ազգականներին աշխատանքի տեղավորելու փորձերը։ Փետրվարին այդ մասին հաղորդեց մամուլը։ Մասնավորապես, «Հրապարակ»-ը գրեց այն մասին, որ «Գարիկ Սարգսյանն ավարտել է գյուղական համայնքների ղեկավարների «զտումները» և անցել դպրոցների տնօրեններին», աշխատանքից ազատելով իր հանդեպ ոչ լոյալ մարդկանց։ Խոսակցությունները ճիշտ դուրս եկան, քանզի դրանք հաստատեց ինքը՝ մարզպետը։ Իսկ տեղի ունեցավ դա մարտի 16-ին Արարատի մարզի գյուղերից մեկում՝ Նիկոլ Փաշինյանի անսպասելի այցի ընթացքում։

Այն տեսագրությունը, թե ինչպես է տեղի բնակչուհիներից մեկը վարչապետին պատմում Ավշարի դպրոցում տիրող իրավիճակի մասին, իսկ մարզպետը փորձում է խանգարել նրան, իսկական հիթ դարձավ սոցցանցերում։ Ճիշտ ինչպեսև այն կադրերը, երբ անթաքույց փորձում է Փաշինյանի թիկունքից ծիկրակել ու կարդալ նրան հասցեագրված նամակը. ակնհայտորեն ոչ ոք Սարգսյանին չի սովորեցրել, որ ուրիշի նամակները կարդալն անվայել արարք է։ Դե, իսկ այն պահը, երբ մեր Գարիկը, թաթիկով ծածկելով բերանիկը, ինչ-որ «գաղտնիքներ» է պատմում Փաշինյանին , ըստ երևույթին, ընդհանրապես պետք է համարել պետական պաշտոնյայի համարժեք պահվածքի գագաթնակետ…

Ընդ որում, անցած շաբաթ սոցցանցերի անվիճելի աստղ դարձավ նույնիսկ ոչ թե ինքը՝ Սարգսյանը, այլ… նրա մորաքրոջ հարսը։ Բանն այն է, որ Ավշարի բնակչուհին, փորձելով կառավարության ղեկավարին տեղյակ պահել դպրոցի խնդիրներին, հավաստում էր, որ նոր տնօրենը ցանկանում է աշխատանքից ազատել ուսմասվարին, որը 30 տարի աշխատել է այդտեղ, և նրա փոխարեն տեղավորել մարզպետի մորաքրոջ հարսին։ Ակնբախ է չարաբաստիկ ԽԾԲ-ի (խնամի-ծանոթ-բարեկամ), այսինքն՝ նեպոտիզմի սկզբունքը, որի դեմ պայքարը երկրի հեղափոխական իշխանությունները հռչակել են իրենց գերակայություններից մեկը։ Քանզի բնավ ոչ երկչոտ բնակչուհու ճնշման տակ մարզպետը ստիպված էր խոստովանել, որ իր մորաքրոջ հարսն իրոք հավակնում էր ուսմասվարի պաշտոնին, բայց վերջինս չհանձնվեց և պաշտպանեց իր իրավունքները։

Դրան անմիջապես հաջորդեց Փաշինյանին գրություն հանձնելու այն պահը, երբ Գարիկ Սարգսյանը, ջանադրաբար ծռմռվելով ու ծիկրակելով վարչապետի թիկունքից, կարդում էր գրվածը, ինչպես նաև «գաղտնի տվյալների» հաղորդումը մի ձևով, որն ավելի հատկանշական է փողոցային խուժանին, կամ էլ առնվազն տհաս պատանուն։ Բայց այդ ամենը տեղի էր ունենում, հիշեցնեմ, պետության ղեկավարի այցի ժամանակ և պետական պաշտոնյայի՝ մի ամբողջ մարզի ղեկավարի հետ նրա շփման ընթացքում։

Մենք այսքան մանրամասնորեն պատմում ենք այս դրվագների մասին, որպեսզի լիակատար չափով ներկայացնենք պրիմիտիվիզմի, գռեհկության և մարզպետի պաշտոնում սեփական պարտականություններին լիակատար անտեղյակության այն մակարդակը, որ հետևողականորեն ցուցադրում է Արարատի մարզպետը։ Բայց բոլոր այս ամիսների ընթացքում կառավարությունը համառորեն չի ցանկանում նկատել այդ կերպարի ճչացող անհամապատասխանությունը իր զբաղեցրած, և ընդհանրապես ցանկացած այլ պաշտոնին։ Եվ չի մտորում այն մասին, որ սեփական աչքի գերանը տեսնել չցանկանալը կարող է անցանկալի հետևանքներ ծնել բուն կառավարության և ամբողջությամբ վերցրած՝ երկրի համար։

Որովհետև խնդիրը բնավ միայն մեկ առանձին վերցրած անհատը չէ։ Եվ նույնիսկ ոչ միայն այն, որ այդպիսի, մեղմ ասած տգետներն այսօր իշխանության մեջ այնքան էլ քիչ չեն։Իրականում անձանցից ոչ պակաս կարևոր են այն խնդիրները, որ ստիպված է տեղերում քննարկել մի ողջ պետության վարչապետը։ Քանզի, դատելով տեսանյութերից, միակ խնդիրը, որ նրան ըմբռնելիորեն ներկայացվեց, դա հենց և միմիայն մարզպետի մորաքրոջ հարսի աշխատանքի տեղավորման առայժմ ձախողված փորձն էր։ Դպրոցում ստեղծված իրավիճակն, անշուշտ, ուշադրություն է պահանջում, բայց մի՞թե վարչապետի մակարդակով։ Ինչո՞ւ այդ մասին տեղյակ չէր գոնե Կրթության նախարարությունը. չէ՞ որ, դատելով ամենից, այդ խայտառակությունը մեկ օր չէ, որ շարունակվում է։

Հնարավոր է, որ Փաշինյանին փոխանցված գրությունն ավելի կարևոր խնդիր էր բովանդակում։ Հանձն չենք առնի դատել, քանզի ի տարբերություն մարզպետի՝ մենք այն չենք կարդացել։ Իսկ այ, ինքը՝ Գարիկը նորից աչքի ընկավ փաշինյանական այցից բառացիորեն մեկ-երկու օր անց, 1in.am-ին տված հարցազրույցում։

Ինքն իրեն անվանելով «քաղաքական գործիչ», նա հայտարարեց, թե ինքը բիզնես չունի և լիովին բավարարված է իր աշխատավարձով ու ստացած պարգևավճարներով։ Այստեղ թղթակիցը չհապաղեց հիշեցնել 105%-անոց պարգևավճարի մասին, որը Սարգսյանն ինքն էր իրեն դուրս գրել հունվարին, ինչի առնչությամբ մարզպետը հայտարարեց, թե այդ միջոցների մի մասը օգտագործել է բարեգործական նպատակով։ Այնուհետ երկխոսությունը հնչում է այսպես. «Ես իմ հաջորդ պարգևատրումը ևս պետք է ուղղեմ բարեգործության։ Ես նման որոշում եմ կայացրել»-«Այսինքն՝ այս աղմուկից հետո նորից պարգևատրում է լինելո՞ւ»-«Կարող է նույնիսկ երեք պարգևատրում լինի այս տարի»-«Ինչի՞ համար, պարոն Սարգսյան»-«Կտեսնենք»։

Այսինքն մարզպետը բացորոշ հայտարարում է, որ մտադիր է այսուհետ էլ ինքն իրեն պարգևավճարներ դուրս գրել պետբյուջեից, որպեսզի միջոցների մի մասը, իբր, ուղղի բարեգործական նպատակների։ Ընդ որում գաղափար չունենալով, թե կոնկրետ ինչի համար է իրեն պարգևատրելու, բայց ճշգրիտ իմանալով, թե քանի անգամ է դա արվելու։ Նման խոստովանություններից հետո իշխանությունները պարզապես իրավունք չունեն նեղանալու սոցցանցերից օգտվողների այն բազմաթիվ պնդումներից, որ պետական կառույցներում պարգևավճարները դուրս են գրվում բացառապես այդ միջոցներն այնուհետ վարչապետի տիկնոջ հիմնադրամ փոխանցելու նպատակով։

Հիշեցնեմ, որ խոսքը պետական պաշտոնյայի մասին է, որը բարձր դիրք է զբաղեցնում, որ այս ամենը տեղի է ունենում XXI դարում, անկախ պետությունում, որը կանգնած է լրջագույն խնդիրների և բախտորոշ նշանակության մարտահրավերների առջև, և այդ պետության ղեկավարի խոսակցությունների բովանդակության մասին մեկ առանձին վերցրած գյուղի բնակիչների հետ, որոնց մարզի ղեկավարը սույն սուբյեկտն է։ «Մորաքրոջ հարսի» համախտանիշը՝ որպես պետական խնդիրների «լուծման» գլխավոր գործոն, դարձել է շարժիչ ուժ և նույնիսկ թափ է հավաքում։