«Լուսավոր Հայաստան»-ի առաջարկությունները

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց կառավարության կառուցվածքի մասին օրինագծի իր հեղինակած տարբերակը, տեղեկացնում է azatutyun.am-ը։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ նախատեսում են ունենալու 14 նախարարություն և ոչ մի մարմին դուրս չի մնա խորհրդարանական վերահսկողությունից։

«Մենք առաջարկում ենք հետևյալ տարբերակը՝ կա վարչապետ, երեք փոխվարչապետեր, այստեղ սփյուռքի հարցերով փոխվարչապետ ենք առաջարկում, որը կոչվում է Սփյուռքի հետ կապերի և հայրենադարձության հարցերով փոխվարչապետ և ունենք 14 նախարարություններ, դրանք են՝ Ազգային անվտանգության նախարարությունը, որտեղից անպայման դուրս է գալիս քննչական դեպարտամենտը և միանում է Քննչական կոմիտեին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Գյուղատնտեսության նախարարություն, Արդարադատության նախարարությունը մենք վերանվանում ենք Իրավական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և սպորտի նախարարություն, Մշակույթի նախարարություն, Ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարություն, Ներքին գործերի նախարարություն, որի մեջ ներառված է ԱԻՆ-ը, այսինքն՝ ԱԻՆ-ը և Ոստիկանությունը միասին մենք ստեղծում ենք Ներքին գործերի նախարարություն, Շրջական միջավայրի պաշտպանության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տնտեսական զարգացման և նորարությունների նախարարություն և Ֆինանսների նախարարություն, որտեղ Պետական եկամուտների կոմիտեն ներառված է՝ առանց իր քննչական մարմնի։ Այստեղ չկա մարմին, որը դուրս է մնում խորհրդարանական վերահսկողության տիրույթից», - ասաց Մարուքյանը։

Նշենք, որ ըստ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի, նախարարությունների թիվը կկրճատվի 5-ով՝ 17-ի փոխարեն 12 նախարարություն կլինի, փոխվարչապետի երեք պաշտոնից էլ մեկը՝ առաջին փոխվարչապետի հաստիքը կկրճատվի:

Основная тема:
Теги: