Դավիթ Բաբայան․ տեղյակ լինելը քաղաքական կատեգորիա չէ

Հանդիպումները կարևոր են, քանի որ նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը, սակայն բանակցայն գործընթացքում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է վերականգնել դրանց լիարժեք ձևաչափը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Միշտ կարևորել ենք այսպիսի հանդիպումներ, որովհետև դրանք նախ և առաջ նպաստում են տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և, բնական է, ապահովում են բանակցային գործընթացի շարունակականությունը։ Ինչ վերաբերում է առաջընթացին, բուն՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ապա սա էլ կարելի է համարել առաջընթաց, բայց ինչ-որ շոշափելի քայլերի համար առաջին հերթին պետք է վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը՝ Արցախի մասնակցությամբ։ Դրանից հետո մենք կարող ենք լիարժեք ակնկալել, որ բանակցային գործընթացը կարող է ի վերջո հանգեցնել համապարփակ կարգավորման ու խաղաղության», - ասաց Դավիթ Բաբայանը։

Դիտարկմանը, որ ՀՀ ղեկավարությունը հայտարարել է, որ մինչև բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը ողջ գործընթացի վերաբերյալ տեղյակ է պահելու պաշտոնական Ստեփանակերտին, Արցախի նախագահի մամուլի քարտուղարն արձագանքեց.

«Այո՛,մինչև մեկնելը եղել է հեռախոսազրույց Բակո Սահակյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Իհարկե, պարբերաբար տեղյակ ենք լինում զարգացումներից, բայց տեղյակ լինելն ու ծանոթացնելը բանակցային գործընթացի մանրամասներին իրավական և քաղաքական կատեգորիա չեն։ Քաղաքական ու իրավական կատեգորիան այն է, որ վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը, որովհետև, եթե մենք չենք մասնակցում, անկախ նրանից՝ տեղյակ ենք, թե ի՞նչ է կատարվում առավել ևս, եթե տեղյակ չենք, բնական է, որ անհնարին է հասնել համապարփակ կարգավորման»։

Բաբայանն ավելացրեց՝ Ստեփանակերտը շնորհակալ է պաշտոնական Երևանին, որ այս հարցերը մշտապես քնարկվում են.

«Բայց իրավիճակին պետք է մոտենալ իրավական ու քաղաքական տեսակետից, ինչին էլ պաշտոնական Երևանը հետամուտ է լինում և մշտապես հայտարարում է այդ մասին»։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքով տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը։ Ընդլայնված կազմով բանակցություններից հետո երկրների ղեկավարներն ունեցան առանձնազրույց, որը տևեց երեք ժամից ավելի։

Հանդիպման արդյունքներով հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը։

Основная тема:
Теги: