Ալումյան. Դատական նիստը կշարունակվի վաղը

Վերաքննիչ քրեական դատարանում hետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ նիստը հետաձգվել է, այն կկայանա վաղը՝ ժամը 12։00-ին։

«Վաղը ես կշարունակեմ ու կավարտեմ բողոքս ներկայացնելը, որից հետո դեռ երեք բողոք էլ կա պաշտպանական խմբի կողմից», - ասաց Ալումյանը։

Նա նշեց, որ հետո իրենք կներկայացնեն իրենց առարկությունները դատախազության բողոքի վերաբերյալ, իսկ դատախազությունն էլ կներկայացնի իր առարկությունները։

«Որից հետո, հավանաբար, պարոն Քոչարյանը եթե լրացնելու բան ունենա, կլրացնի», - նշեց Հայկ Ալումյանը, տեղեկացնում է aysor.am։

Основная тема:
Теги: