ՀԲ-ն նվազեցնում է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2019թ կկազմի 4,3 տոկոս։ Բանկի Global Economic Prospects: Darkening Skies զեկույցում նշվում է, որ 2020թ Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 4,6 տոկոս, նույն կանխատեսումն արվել է 2021թ համար, տեղեկացնում է ARKA-ն։

Վրաստանը 2019թ կապահովի ՀՆԱ-ի 5 տոկոս աճ՝ այդ տեմպը պահպանելով նաեւ 2020թ, Ադրբեջանը՝ 3,6 տոկոս՝ 2020թ դանդաղեցնելով մինչեւ 3,3 տոկոս։

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) երկրներում ՀԲ-ն 2019թ կանխատեսում է 2,3 տոկոս աճ (2018թ 3,1 տոկոսի դիմաց), 2020թ մինչեւ 2,7 տոկոս եւ 2021թ մինչեւ 2,9 տոկոս արագացումով։

«Կառուցվածքային բարեփոխումների ներկայիս ընթացքի դանդաղումը կամ փոփոխությունը ռիսկային են տարածաշրջանի շատ երկրներում, մանավանդ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Թուրքիայում։ Սիրիայում կամ Ուկրաինայում լարվածությունը կարող է նոր պատժամիջոցների առիթ հանդիսանալ։ Եվրամիության եւ Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրների միջեւ տարաձայնությունների քաղաքականությունը կարող է զսպել միջազգային ներդրողներին եւ կրճատել ֆիսկալային տրանսֆերները։ ԱՄՆ-ի եւ Եվրոգոտու միջեւ առեւտրային սահմանափակումների լարվածությունը կարող է բացասաբար ազդել ԵԿԱ արեւմտյան երկրների վրա, քանի որ Եվրոգոտին առեւտրային խոշորագույն գործընկեր է ենթատարածաշրջանային բոլոր երկրների համար»,- նշվում է զեկույցում։

ՀԲ-ն համարում է, թե 2019թ սպասվում է, որ «Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի տնտեսական աճի տեմպերի վրա բացասաբար կազդեն Թուրքիայում ֆինանսական ցնցումների պահպանվող հետեւանքները։ «Գնահատականների համաձայն՝ 2018թ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են մինչեւ 3,1 տոկոս, ինչը տարվա երկրորդ կեսին Թուրքիայում տնտեսական ակտիվության թուլացման արտացոլումն է։ Տարածաշրջանի երկրներում տնտեսական աճի տեմպերը, բացառությամբ Թուրքիայի, մնացել են նույն՝ 2,9 տոկոս մակարդակի վրա, քանի որ տարածաշրջանի արեւմտյան մասի, այդ թվում Բուլղարիայի եւ Ռումինիայի, տնտեսական ակտիվության դանդաղումը փոխհատուցվել է տարածաշրջանի արեւելյան մասի տնտեսական աճի տեմպերի արագացմամբ՝ նավթի գների բարձրացման շնորհիվ»։