Ստեփանակերտ․ Ադրբեջանն անվստահելի երկիր է

Պաշտոնական Ստեփանակերտը շատ կցանկանար կիսել ռուսական կողմի լավատեսությունը և մտածել, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ դրական առաջընթաց կլինի։

«Սակայն, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք խիստ անկանխատեսելի հակառակորդ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավորվի հայտնած մտքին, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները, Մոսկվայի կարծիքով, թղթի վրա չեն մնա։

«Ամեն ինչ ժամանակը ցույց կտա։ Ադրբեջանը անհուսալի, վերին աստիճանի անվստահելի երկիր է։ Լինում է, որ այս կամ այն հարցի շուրջ համաձայնության է գալիս, նույնիսկ՝ ստորագրում՝ բանավոր և գրավոր համաձայնություն տալիս, սակայն հետո խախտում է պայմանավորվածությունները», - նշեց մեր զրուցակիցը։

Դավիթ Բաբայանի խոսքով, եթե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լավատեսություն է հայտնում, հայկական կողմը ևս կցանկանար առաջընթաց տեսնել, բայց առայժմ հարյուր տոկոսանոց վստահություն անհնար է ունենալ։

«Դրական առաջընթացի համար կարող են տարիներ պետք լինել։ Եթե անգամ փոքր քայլ լինի առաջ, չի բացառվում, որ Ադրբեջանի պատճառով հետո երկու-երեք հետքայլ գրանցվի», - ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։