Սանասարյանը գտնում է, որ մեղադրանքները կեղծված են

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրեն մեղադրանք առաջադրելու ԱԱԾ որոշմանը։

«Սիրելիներ ջան Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։

Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճանփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։

Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։

Մանրամասների մասին կխոսեմ հետագայում։

Բոլորիդ սիրող, նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա, Դավիթ»։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթ Սանասարյանը խուսափեց հայտնել, թե ինչ դատավարական կարգավիճակ ունի՝ պատճառաբանելով, որ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին ստորագրություն է տվել:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով, տեղեկացնում է News.am: