Հրայր Թովմասյան. «Պետք է ունենաինք 70 միլիոնանոց պետություն»

Հայաստանի պատասխանը Թուրքիային պետք է լինի հզոր, կայուն և ուժեղ պետության կառուցումը։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողներին ասաց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

«Ինձ համար Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո ապրիլի 24-ի խորհուրդը փոխվել է: Եթե մինչ այդ այն ինձ համար սգո օր էր, ապա 100-ամյակից հետո, երբ Ցեղասպանության բոլոր զոհերը սրբադասվեցին, այս օրը վերածվեց ապրելու, արարելու օրվա»,– ասաց Թովմասյանը` հավելելով, որ այդ խորհրդով պիտի առաջնորդվի յուրաքանչյուր հայ:

ՍԴ նախագահը նշեց, որ ինքն էլ ցեղասպանությունից փրկվածների հետնորդ է: Բայց հայ ժողովրդի ամենամեծ կորուստը համարում է այն, որ հզոր պետություն կառուցել չի հաջողվել։

«Այս տարածքում պետք է հզոր պետություն ունենայինք՝ աշխարհի հետ հավասարը հավասարին քայլող: Դա ամենամեծ կորուստն է, որն ամեն գնով պետք է վերականգնել»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Նշենք, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվել էր 2018թ–ի մարտի 21-ին։

Основная тема:
Теги: