ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն անցկացրեց կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման թեմայով։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ խորհրդակցությանը մասնակցում էին շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

Բայց անհնար է լռել. խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն, իհարկե, պատմեց ներդրվող ինստիտուտի իր տեսլականի մասին, փորձելով հիմնավորել դրա անհրաժեշտությունը, վկայակոչեց Հայաստանի միջազգային պարտավորություններն այդ ուղղությամբ և այլ երկրների փորձը։ Ամենայն հավանականությամբ, վարչապետի փաստարկները ոմանց համար բավական համոզիչ հնչեցին։ Բայց հենց նույն օրերին Հայաստանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք, ըստ էության, ցաքուցրիվ արեցին ունեցվածքի արտադատական բռնագրավման հեռանկարն արդարացնող բոլոր հնարավոր փաստարկները։

Բանն այն է, որ նման որոշումներ ընդունելիս առանցքային դերը պետք է հատկացվի այսպես կոչված մարդկային գործոնին։ Համապատասխան արտադատական որոշումները պետք է ընդունեն կոնկրետ մարդիկ։ Եվ հենց այստեղ էլ հարց է ծագում. կա՞ն այսօր երկրում մարդիկ, որոնց կարելի է վստահել նման որոշումների ընդունումը։

«Նոր Հայաստանի» հակակոռուպցիոն փարոսը լրջորեն երերաց։ Կարելի է նույնիսկ ասել՝ փլուզվեց։ Չխորանանք Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված գործի, պաշտոնից հեռացման և քրեական սկանդալի մանրամասների մեջ։ Այստեղ առհասարակ բազմաթիվ տեսանկյուններ կան, որոնց վրա կարելի էր կանգ առնել ավելի հանգամանորեն։ Սակայն տվյալ դեպքում խոսքը դրանցից միայն մեկի մասին է՝ հեղինակության։ Դե ահա, այդ հակակոռուպցիոն գործչի հեղինակությունն արդեն վարկաբեկված է։

Նկատի ունեցեք, խոսքը մի մարդու մասին է, որն իրեն ներկայացնում էր որպես կոռուպցիայի դեմ պայքարող գլխավոր մարտիկ «նոր Հայաստանում»։ Հիմա այդ մարտիկի հանդեպ կան կոնկրետ դժգոհություններ ծառայողական դիրքի չարաշահման մասով, նրան մեղադրանք է ներկայացված, պաշտոնից ազատված է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը։ Իսկ կոռուպցիայի դեմ մաքառող գլխավոր մարտիկին դժգոհություններ է ներկայացնում «նոր Հայաստանում» հակակոռուպցիոն պայքարի մեկ այլ առաջամարտիկ՝ ԱԱԾ-ն։ Սանասարյանն ասում է, թե գործը սարքած է, ԱԱԾ-ն իրենն է պնդում, իսկ վարչապետը Սանասարյանին ազատում է պաշտոնից։

Անկախ նրանից, թե ինչով կավարտվի այս պատմությունը, ակնհայտ է, որ կողմերից մեկին (կրկնում եմ, խոսքը գործող իշխանության հակակոռուպցիոն գլխավոր խորհրդանիշների մասին է) պարզապես չի կարելի վստահել։ Եվ եթե նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարի այդ խորհրդանիշները վստահություն չեն ներշնչում (առնվազն մեկը՝ հաստատ), ապա ընդհանրապես ո՞ւմ կարելի է վստահել արտադատական բռնագրավման վերաբերյալ որոշումների ընդունումը կոռուպցիոն խորապատկեր ունեցող գործերում։ Կրկնում եմ, եթե նույնիսկ Սանասարյանն է մեղադրվում չարաշահման մեջ, իսկ Վանեցյանը՝ նրանում, որ սարքել է այդ մեղադրանքը, ապա ո՞վ է այն մարդը, որի կատարյալ օբյեկտիվությանը պետք է հավատան նոր իշխանության կողմնակիցները։

Պարզ է, որ այդպիսի մարդիկ չկան, որ արտադատական որոշումների ընդունումը վստահվելու է մարդկանց, որոնց օբյեկտիվությունը միշտ հարցականի տակ է դրվելու հանրության ճնշող մեծամասնության կողմից։

Ասենք, սրանք դեռ լոկ ծաղիկներն են։ Օրերս պարզվեց, որ այսօր այս կամ այն որոշումը կայացնելու համար հիմք է ծառայում այնպիսի գործոն, ինչպիսին է մարդկային ներզգացողությունը։ Այսպես, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկրի խորհրդարանում, արդարացնելով կառավարության նոր կառուցվածքը և առանձին նախարարությունների գործառույթների ընդարձակումը, հայտարարեց. «Առաջնորդվել ենք համոզմունքով, զգացողությամբ, ինտուիցիայով ևփորձով»։ Նկատենք, Արտակ Զեյնալյանը, երևի ինքն էլ չկռահելով, հերթական հեղափոխությունը գործեց երկրում, ամրագրելով ինտուիցիան և զգացողությունները որպես պետական մասշտաբի որոշումների կայացման հիմք։ Սա կարող էր ծիծաղելի լինելԲայց, ավաղ, ծիծաղելու ցանկությունը մարում է, երբ ինչ-որ մեկի ներքին ձայնն է թելադրում մի ամբողջ երկրի կյանքը։

Եվ ահա առավել քան կասկածելի գործիքների նման ուղեբեռով երկրում ներդրվում է արտադատական բռնագանձման որոշումների ընդունման ինստիտուտը։ Մի կողմից՝ վարկաբեկված հեղինակության հետ կապված կասկածելի մարդկային գործոնը, մյուս կողմից՝ ներզգացողությունը որպես որոշումների ընդունման հիմք։ Այն մասին, որ այդ որոշումները պարզապես չեն կարող օբյեկտիվ ու արդարացի լինել, թերևս, մտածել անգամ չարժե

Основная тема:
Теги: