«Իմ քայլը» պահանջում է ԲՀԿ-ի պատգամավորին պատասխանատվության ենթարկել

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մի քանի համայնքապետի հետ, ամենայն հավանականությամբ, հատելով ալկոհոլի թույլատրելի սահմանը, փորձել է ծեծի ենթարկել Ռազմիկ Տոնոյանին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Քաղաքացու օրվա տոնակատարությունից հետո այսօր տհաճ դեպքի հետ կապված ենք «լայվ» մտել, որ տեղեկացնենք, թե ինչ է տեղի ունեցել երեկ Եղգնաձոր քաղաքում։ ԱԺ մեծարգո պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մի քանի համայքնապետի հետ, ամենայն հավանականությամբ հատելով ալկոհոլի թույլատրելի սահմանը, անցել է շնորհքի, կուլտուրայի սահմանը, փորձել է ծեծի ենթարկել Ռազմիկ Տոնոյանին։ Բաց ենք թողնում ենք այն անդաստաիրակ հայհոյանքների շարքը, որ հնչել են փոխմարզպետի հասցեին։ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիմում է փոխմարզպետինին՝ ով ես դու, որ եկել ես մեր մարզ և ուզում ես օրինականություն հաստատել։ Ես պատկերացնում եմ, որ ԲՀԿ-ն իր ամբողջ կազմով չի գիտակցում, թե ինչ է կատարվում երկրում, չեն հասկանում, որ իրավիճակն այնպես է փոխվել, որ ՀՀ-ում այլևս օրինականությունն է առաջին տեղում, և իրենց համար օրինականության հաստատումը դա այն պատճառն է, որ փոխամրզպետին կարող են ասել՝ դու ինչ գործ ունես այստեղ՝ ռադ եղի քո ծննդավայրը»,- ասաց նա։

Պատգամավորը հայտնեց նաև, որ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն «Չգիտեմ պարոն Բագրատյանը, իր կարգավիճակից օգտվելով, կարող է խուսափի պատասխանտվությունից, սակայն նա հանրության կողմից պետք պախարակվի։ Այս մարդը պետք է հասկանա, «Բարգավաճ Հայաստանը» պետք է հասկանա, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, չեն կարող փոխմարզպետին ասել՝ դու գործ տվող ես, որ մարդը փորձում է օրինականություն հաստատել։ Այն բոլոր համայնքապետերը, ովքեր եղել են նրա հետ, ովքեր մասնակից են եղել այդ հայհոյանքներին և բռնության գործադրելուն, պատասխանատվության են ենթարկվելու, իսկ պարոն Բագրատյանը պետք է քաղաքական պատասխանատովթյուն կրի»։

Քրիստինե Պողոսյանը տեղեկացրեց, որ այժմ գնում են հանդիպելու Վայոց ձորի մարզպետի և միջադեպին մասնակից համայնքապետերի հետ։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը NEWS.am–ին հայտնել էր, որ նախօրեին Եղեգնաձորում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։