Մարտի 1-ի գործը կքննի դատավոր Վարդան Գրիգորյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործն այսօր՝ ապրիլի 29–ին, մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ Դատական դեպարտամենտից:

Հիշեցնենք, որ այսօր վերահսկող դատախազը հաստատել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, մեղադրական եզրակացությունը և քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը նույնպես մեղադրվում են ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Основная тема:
Теги: