Ատոմ Մարգարյան․ «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանում չհանգեցրեց գների իջեցման

Հայաստանում առեւտրային ցանցերը ձեւավորվել են տասնամյակների ընթացքում։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի Նորարարական եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, տեղեկացնում է NEWS.am։

Նրա խոսքով՝ հանրապետության որոշ բնակիչներ, լինելով ոչ մեծ խանութների տերեր կամ կրպակատերեր, կարողացել են դառնալ հսկայական հարստության եւ կապիտալի տեր՝ դառնալով խոշոր ներմուծողներ եւ արտադրողներ։ «Եվ դա, ըստ էության, մեր շուկայի Աքիլլեսյան գարշապարն է։ Բոլոր շղթաները, ինչպիսին են արտադրության, ներմուծման եւ վաճառքի մոնոպոլիաները, կապված էին միմյանց հետ։ Դրանք բոլորը վերահսկվում էին։ Ես այդ շրջանը կանվանեի կապիտալի կուտակման շրջան, երբ բիզնեսի հաջողությունը կապված էր  իշխանությանը մոտ գտնվելու, ձեռքի տակ բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնի առկայության հետ։ Իսկ տնտեսական  մոնոպոլիաները քաղաքական այդ մոնոպոլիայի մասն էին»,- պարզաբանել է Մարգարյանը։

Անդրադառնալով նոր կառավարության խոստումներին՝ պայքարել հանրապետությունում մոնոպոլիայի դեմ, տնտեսագետը հիշեցրել է, որ Հայաստանի նախորդ 14 կառավարությունները նույնպես խոսել են մոնոպոլիաների դեմ պայքարի մասին եւ անվերջ հայտարարություններ արել շուկայի ազատականացման մասին։ Բայց, ինչպես նշեց փորձագետը, միեւնույն ժամանակ, բոլոր մթերքները, ինչպիսին են ալյուրը, շաքարը, դեղերը, բենզինը, դիզվառելիքը, բանանը եւ այլն, կենտրոնացված էին։ «Մոնոպոլիստները չարաշահում էին իրենց մոնոպոլ դիրքը՝ «բարիք» ստանալով»,- ընդգծել է Մարգարյանը։

Основная тема:
Теги: