Մայիսի 9-ն Հայաստանում նշում են Հաղթանակի և Խաղաղության օր

Հայաստանում այսօր՝ մայիսի 9-ին նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը։ Նշենք, որ մայիսի 9-ն արդեն 27 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար. այդ օրը նշվում է Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տոնը:

Վաղ առավոտից Երևանի Հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանի Անմար կրակի առջև ծաղկեպսակներ են դրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այստեղ են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, նախարարներ, պատգամավորներ:

Նշենք, որ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեկնել են Արցախ: Արցախում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հաղթանակի զբոսայգում նախատեսվում է հանդիսավոր հանրահավաք և ոչ մեծ երթ՝ հայկական ու ռուսական ռազմական ստորաբաժանումների մասնակցությամբ, տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: