Ո՞Վ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ

Ռոբերտ Քոչարյանի գործն աստիճանաբար թափ է հավաքում։ Կարծես թե շատ բան է ասվել այդ գործի հետ կապված, և նրանք, ովքեր ընդունակ են լսելու, լսել են։ Իսկ նրանք, ովքեր դըմփ-դըմփ-հուդե, ի՞նչ պահանջես դրանցից։ Եվ այդուհանդերձ կյանքը նորանոր անհեթեթ խճողումներ է գցում Ռոբերտ Քոչարյանի և ընկ.-ի կողմից սահմանադրական կարգի տապալման գործով անհեթեթությունների գանձատուփը։

Եվս մեկ անհեթեթ դրույթի բացահայտման բացառիկ իրավունքը պատկանում է, եթե չենք սխալվում, «Հրապարակ» թերթի լրագրողին, որը, ինչ-որ տեղ բռնացնելով գլխավոր դատախազ, իսկ համատեղության կարգով ներկայումս նաև Քոչարյանի գործով գլխավոր մեղադրող Արթուր Դավթյանին, «մանկական» հարց տվեց նրան. «Եթե Քոչարյանը 2008-ի մարտին իսկապես տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ապա ո՞վ է դա՝ այդ սահմանադրական կարգը վերականգնել և ե՞րբ, կամ գուցե առայսօր վերականգնվա՞ծ չէ»։ Եվ մի ամբողջ գլխավոր դատախազ շփոթվեց, ինչ-որ բան կմկմաց այն մասին, որ հետագայում սահմանադրական կարգը վերականգնվել է, իսկ մնացած հարցերի պատասխանները կարելի է իմանալ դատարանում, նստեց մեքենան ու սլացավ իր գլխավորդատախազական կարևոր գործերով, ճանապարհին տանջալից մտորելով այն մասին, թե ո՞վ է այնուամենայնիվ վերականգնել սահմանադրական կարգը։

Մինչդեռ լրագրողի «մանկական» հարցը իրականում բացահայտում է Քոչարյանին ներկայացված մեղադրանքի ևս մեկ անհեթեթ կետ։ Քանզի ի՞նչն է հիմք ընդունել Հատուկ քննչական ծառայությունը և անձամբ դրա ղեկավար Սասուն Խաչատրյանը։ Այն, թե արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի 2008թ. մարտի 1-ի հրամանագիրը ապօրինի էր, հետևաբար՝ անօրինականորեն խախտվել են քաղաքացիների իրավունքները, հետևաբար՝ տապալվել է սահմանադրական կարգըՆշենք, որ բուն պնդումը, թե հրամանագիրն ապօրինի էր, նույնպես անհեթեթ է, բայց այդ մասին ավելի ուշ, իսկ հիմա գնանք մեղադրանքի գծով։

Եվ այսպես, հրամանագիրն իբր ապօրինի է, սահմանադրական կարգը Հայաստանում տապալված է։ Ուրեմն փնտրենք լրագրողի հարցի պատասխանը, թե ով է դա՝ այդ սահմանադրական կարգը վերականգնել և երբ։ Եվ պարզվում է հետևյալը. եթե սահմանադրական կարգի տապալման հիմք է ծառայել արտակարգ դրության ռեժիմ սահմանող հրամանագիրը, ապա այդ ռեժիմը գործել է կարճատև։ Սկզբում հրամանագրով նախատեսված միջոցները չեղարկվել են մասամբ, իսկ նույն թվականի մարտի 20-ին՝ ամբողջությամբՍա լրագրողի հարցի պատասխանն է, թե երբ է վերականգնվել սահմանադրական կարգը, եթե հիմք ընդունենք մեղադրող կողմի տրամաբանությունը, որը պնդում է, թե այն տապալվել է։

Մնում է այն հարցը, թե ո՞վ է այդ քաջարի հերոսը, որը վերկանգնեց սահմանադրական կարգն այն բանից հետո,երբ հակահերոս Քոչարյանը տապալեց դա։ Եվ որքան էլ զարմանալի է, նախագահն այդ պահին նույն ինքը Ռոբերտ Քոչարյանն էր։ Այսինքն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը սկզբում տապալեց սահմանադրական կարգը երկրում, որի նախագահն էր, իսկ հետո հենց ինքն էլ վերականգնեցՀիասքանչ է, այնպես չէ՞։

Իսկ եթե լուրջ, ապա այս իրավիճակի անհեթեթությունը բխում է այն տխմար պնդումից, թե արտակարգ դրություն սահմանող հրամանագիրն ապօրինի էր, ինչի մասին ՀՔԾ-ի ղեկավարը հրապարակավ հայտարարեց Հանրային հեռուստատեսության եթերում։ Անհեթեթն այն է, որ նորմալ երկրում միայն դատարանը կարող է ապօրինի ճանաչել այս կամ այն պետական-իրավական ակտը։

Իսկ հրամանագիրը հենց այդպիսի ակտ է, որը պետության անունից հրապարակել է նախագահը, իսկ հաջորդ օրը, սահմանադրությանը լիովին համապատասխան, ստացել նաև խորհրդարանի հավանությունը։

Վերջերս Մենուա Հարությունյանը եթերում խոսում էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաքելություն կարող էր դառնալ թերևս դատական համակարգից անկախ օրենքի իշխանության ամրապնդումը երկրում։ Կարող էրՔանի որ արդեն ակնհայտ է, որ նոր կառավարությունից նույնիսկ թեթև առաջխաղացում ակնկալելը, չենք խոսում արդեն ճեղքումնային առաջընթացի մասին՝ արտաքին քաղաքականության ոլորտում, ղարաբաղյան կարգավորման հարցում կամ տնտեսության բնագավառում, ծայրահեղ միամտություն է։ Տա Աստված, որ իրենց հեղափոխական խանդավառությամբ ամեն ինչ ավերողներն ու ժխտողները չձախողեն այն ամենը, ինչ արվել է իրենցից առաջ և ինչի հաշվին իրենք մինչ օրս մնում են ջրի երեսինԲայց այ, արդարադատության հաղթանակի առումով վարչապետն իսկապես հնարավորություն ուներ։ Սակայն շարժվեց բացահայտ սխալ ճանապարհով։

Ի՞նչ է նշանակում, որ ինչ-որ պաշտոնյա կարող է ապօրինի հայտարարել պետության անունից հրապարակված ակտը։ Ո՞վ է նա։ Կա՞ Սահմանադրական կամ գոնե մի որևէ դատարանի որոշում, թե հրամանագիրն ապօրինի էր։ Չկա՞։ Ցտեսությո՛ւն։

Իսկ եթե վաղը, օրինակ, հայտնվի էլի մի որևէ տոկուն, վրեժի ծարավով բռնված «օբիժնիկ», ոտքով անցնի Մեղրիից մինչև Երևան, կրակոտ ճառերով փողոցներ քշի մանկապարտեզների սաներին, գնդակներ ու ցատկապարաններ բաժանի նրանց, որ չձանձրանան փողոցներն արգելափակելիս, ու վերցնի իշխանությո՞ւնը։ Եվ այդժամ մեկ այլ քննիչ, կատարելով նոր իշխանության պատվերը, հայտարարի, օրինակ, որ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների մասին ԿԸՀ-ի որոշումն ապօրինի էՈւ պետք է ամբողջ ԿԸՀ-ին նստեցնել և անցկացնել նոր ընտրություննե՞ր։ Գործողությունների այդպիսի հերթագայությո՞ւնն ենք մենք այսուհետ անվանելու օրենքի և իրավակարգի հաղթանակ։

Основная тема:
Теги: