ԲԱԶԿԱԹՈՌԸ ԴԱՄՈԿԼԵՍՅԱՆ ՍՐԻ ՏԱԿ

ՀՔԾ-ն հրաժարվեց քրեական գործ հարուցել ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Սակայն Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը քաղաքական օրակարգից չի հանվել։ Հարցն այդ, դամոկլեսյան սրի պես, կախված կմնա մեծությամբ առաջին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության և դրա անդամների գլխավերևում։ Ինչը հնարավորություն կտա իշխանության կուսակցությանը ինքնուրույն կամ ուրիշի օգնությամբ ժամանակ առ ժամանակ բարձրացնել քաղաքականության և բիզնեսի տարանջատման հարցը՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը մայիսի 3-ին դիմեց գլխավոր դատախազին՝ հետաքննություն անցկացնելու և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե պարզվի, որ նա, պատգամավորական գործունեության հետ մեկտեղ, զբաղվում է նաև ձեռներեցությամբ։ Գլխավոր դատախազությունն ընթացք տվեց ՔՈ-ի հայցին, գործն ուղարկելով Հատուկ քննչական ծառայություն, որն օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում տվեց, ըստ էության, իրավական գնահատական. քրեական գործի հարուցումը մերժել, նկատի առնելով հանցագործության փաստի բացակայությունը։

Ասենք, ՔՈ-ից՝ դեռ մեկ-երկու շաբաթ առաջ քչերին հայտնի կուսակցությունից սպառնում են, թե իրենք այդքանով կանգ առնել մտադիր չեն։ Պարզապես, իբր, դեռ չեն որոշել՝ բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը, թե՞ սահմանափակվել առայժմ միայն հայտարարությամբ։ Մինչ բարգավաճների առաջնորդի փառքի շողերում այժմ արդեն ջերմացող ՔՈ կուսակցությունում մտորում են գերբարդ երկընտրանքի շուրջ, Նաիրա Զոհրաբյանը «ԳԱ»-ի թղթակցին հայտարարեց, որ «ՀՔԾ-ի որոշումը բավարար կլինի այն քաղաքական ուժերի և անդադրում գործիչների համար, որոնք Գագիկ Ծառուկյանի գործողություններում ուզում են անպայման հանցակազմ տեսնել»։ Նա հույս հայտնեց, որ ՀՔԾ-ի տված իրավական գնահատականը կբավարարի նաև իշխանության խմբակցության պատգամավորներին, որոնք իրենց հրապարակային ելույթներում և բազմազան հարցազրույցներում առիթով կամ առանց առիթի խոսել են Ծառուկյանի կողմից սահմանադրության խախտման մասին, անվանելով նրա հայտարարությունները ամոթալի։

Սակայն, ինչպես պարզվում է, վաղ են ուրախանում Զոհրաբյանն ու բարգավաճները։ Քանի որ նրանց ընդդիմախոսները, ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրանից դուրս, մտադիր չեն հրաժարվել մեղավորության կանխավարկածը Ծառուկյանի վրա փորձարկելը շարունակելուց։ Եվ բերում են «երկաթբետոնե» փաստարկներ, թե իբր՝ մի՞թե ի սկզբանե հասկանալի չէր, որ ըստ փաստաթղթերի, ԲՀԿ-ի առաջնորդի պարագայում ամեն ինչ կարգին է, բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ծառուկյանին, համոզված են, որ նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Համաձայնեք, «բոլորը գիտեն, բոլորը համոզված են». սա սպանիչ փաստարկ է։ Եվ այդպիսի փաստարկ բերող մարդիկ, որոնք փաստաթղթերին հակադրում են «բոլորը գիտեն» պնդումը, խոսում են իրավունքի, օրենքի գերակայության մասի՞ն։

Խոսքը, մասնավորապես, «Քաղաքացու որոշում» կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանի, որոշ պատգամավորների մասին է, ընդ որում՝ ոչ միայն «Իմ քայլը» իշխանական խմբակցության, այլև «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության։ «Ծառուկյանը մասնակցում է իր բիզնեսի կառավարմանը,- դեռ մոտ երկու շաբաթ առաջ, չունենալով անմիջական ապացույցներ, անառարկելի տոնով հայտարարում էին Մարիա Կարապետյանը և «Իմ քայլի» նրա որոշ ընկերներ, հավելելով.- ԲՀԿ-ն պետք է նստի, մի լավ մտածի և եզրահանգումներ անի, թե ինչպես մենք շարունակենք մնալ օրենքի երկիր»։ Իրոք որ, մտածել է պետք, շատ խորը մտածել։

Թեպետ, դրա ոչ մի հույս չի մնում։ Եթե նկատի առնենք ԱԺ ներկայիս կազմը՝ ընդհանրապես, և իշխանության խմբակցության կազմը՝ մասնավորապես։ Իշխանությանը ձեռնտու է կարճ վզափոկով պահել իրեն՝ Ծառուկյանին, հաշվի առնելով նրա վայելած լայն համբավն ու ժողովրդական սերը, և նրա թվաքանակով առաջին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությանը։ Որպեսզի բարգավաճներն այնքան էլ չկայտառանան և առանց ֆանատիզմի մտնեն ընդդիմության դերի մեջ։ Իսկ պատգամավորական մանդատից զրկելու հարցը, այն էլ քրեորեն պատժելի հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը դա ձեզ համար անհարգալից բացակայություն չէ ԱԺ նիստերից), դամոկլեսյան սրի պես կախված կմնա Ծառուկյանի գլխավերևում, ցույց տալով նրան իր բարօրության ողջ երևութականությունը

ԲՀԿ-ի վրա ատամ են սրում նաև ընդդիմադիր ճամբարի իր գործընկերները՝ ԼՀ խմբակցությունից։ Վերջիններս բարգավաճներին ոչ մի կերպ չեն կարողանում ներել ո՛չ այն, որ իրենք երկրորդն են ԲՀԿ-ից հետո, ո՛չ էլ փոխխոսնակի պաշտոնը։ Եվ հիմա քրեական գործ հարուցելուց ՀՔԾ-ի հրաժարումը բացատրում են իշխանության քաղաքական կամքի բացակայությամբ։ Արման Բաբաջանյանի խոսքերով, ԲՀԿ-ն ԱԺ-ում է հայտնվել իշխանության թողտվությամբ, որը թեև խոսում էր բիզնեսի և քաղաքականության տարանջատման, այն մասին, որ ԱԺ-ում չպետք է լինեն ձեռնարկատերեր, սակայն իր խոստումը չկատարեց։ Եվ այն, որ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը հայտնվել է ԱԺ-ում, սովորական քաղաքական հաշվարկ է, որը թույլ չտվեց ԼՀ-ին դառնալ թվաքանակով երկրորդ ուժը խորհրդարանում, հայտարարեց Բաբաջանյանը։ Ծառուկյանը համանման դեր էր խաղում նաև նախկին իշխանության օրոք, հավելեց պատգամավորը։

Ցուցանշական է, որ ԼՀ խմբակցությունն ինքը մտադիր չէ հանդես գալ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությամբ, սակայն կաջակցի իշխանությանը, եթե վերջինս գնա այդ քայլին։ Համաձայնեք, բավական «սկզբունքային» դիրքորոշում է. ոտքով հարվածել, երբ ընկնի։ Բայց ընկնել ԲՀԿ խմբակցությունը չի ցանկանում, ինչպես որ չի ցանկանում նստել պատգամավորական բազկաթոռին՝ դամոկլեսյան սրի տակ։ Ուստիև բարգավաճները մտադիր են հանդես գալ Քաղաքացիական օրենսգրքում սեփականատիրոջ և «հավատարմագրային կառավարչի» հարաբերությունները կանոնակարգող շտկումների օրենսդրական նախաձեռնությամբ։ Միայն թե հավանություն կտա՞ն դրանց կառավարությունն ու իշխանության խմբակցությունը։

Իսկ վերջում՝ GALLUP International Association-ի հայաստանյան բաժանմունքի հետազոտության տվյալները։ Մայիսի առաջին 10-օրյակում անցկացված սոցհարցումը ցույց է տվել, որ «ամենից ընդդիմադիր կուսակցությունների» ցանկում ԲՀԿ-ն զբաղեցնում է հինգերոդ տեղը՝ ՀՀԿ-ից, «Լուսավոր Հայաստանից», ՀՅԴ-ից և «Սասնա ծռերից» հետո։