ՏԱՐՕՐԻՆԱԿ ՉԱՓՈՐՈՇԻՉ

«Եթե մոտակա ժամանակներում իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 18:00-ին բոլորին ուղարկելու եմ տուն։ Ոչ ոք ժամը 18:00-ից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին»,-մամլո ասուլիսում հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Նրա խոսքերով, այդ մարդկանց ստացած աշխատավարձը չի տեղավորվում որևէ տրամաբանության շրջանակներում։ «Շատ տգեղ խոսակցություններ են գնում այս վերջերս աշխատավերձերի հետ կապված։ Այն բոլոր բաժինները, որոնք իմ կուռացիայի տակ են, գիշերվա մինչև 11-ն աշխատում են: Մեկ էլ հեռուստատեսությունով լսում են բավականին անդուր նախադասություններ իրենց աշխատանքի վերաբերյալ... մի քանի կոպեկ աշխատավարձը, որ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած, դա այդքան ազնիվ չէ»,- նշեց Ա.Մեսչյանը։ Նա համարում է, որ իր աշխատակիցները նախատեսված աշխատաժամանակից ավելի երկար են մնում, քանի որ աշխատանքի ծավալն ավելացել է եռակի, իսկ աշխատակազմը՝ մնացել նույնը։ «Քաղաքապետի աշխատավարձը հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, այդտեղ պրոբլեմը ո՞րն է, ինչի մասին ենք մենք խոսում: Ոչ ոք մեզանից չի եկել քաղաքապետարան աշխատելու, որպեսզի հարստանա: Մենք փորձում ենք հնարավորին չափով օգտակար լինել քաղաքին»,-նշեց նա, հաղորդում է Panorama.am-ը։

Բայց անհնար է լռել. զուտ հուզական տեսանկյունից Երևանի գլխավոր ճարտրապետի դիրքորոշումը, թերևս, հասկանալ կարելի է։ Սակայն կան որոշ հարցեր, որտեղ հույզերը կարող են պարզապես փակուղի մտցնել։ Օրինակ, եթե խոսում ենք ազնիվ մոտեցման և այդ հարցում արդարության մասին, ապա ամենևին էլ ազնիվ ու արդար չէ բարձրացնել քաղաքապետարանի առանձին բաժինների աշխատակիցների, և ընդհանրապես մայրաքաղաքային աշխատակազմի վարձատրությունը, երբ մյուս պետհաստատությունների աշխատակիցները, ինչպես ասում է Մեսչյանը, կոպեկներ են ստանում։ Վերջիվերջո, ինչո՞ւ, ասենք, կրթության համակարգի կամ Բնապահպանության նախարարության պետծառայողը կարող է կոպեկներ ստանալ, իսկ քաղաքապետարանի աշխատողները՝ ոչ։ Ինչո՞ւ, օրինակ, խանութի վաճառողները կարող են բավարարվել չնչին աշխատավարձով, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոչ։

Իրականում կոպեկների դիմաց է տքնում աշխատող բնակչության գերակշիռ մասը։ Եվ եթե պետական գործիչը, պաշտոնյան խոսում է աշխատանքի վարձատրման նկատմամբ մոտեցումներում արդարության մասին, ապա ավելի ազնիվ կլինի հարցը բարձրացնել առավել լայն մասշտաբներով, քան առանձին բաժանմունքի նեղ շրջանակներում։ Թեպետ, հասկանալի է, թե ինչու Մեսչյանը հանձն չի առնում խոսել համապետական մասշտաբով։ Մի կողմից, բյուջեն օբյեկտիվորեն չի դիմանա այդպիսի ծանրաբեռնմանը։ Մյուս կողմից, Մեսչյանը պատասխանատու է աշխատանքի կոնկրետ հատվածի համար և առաջ է տանում իր ենթակաների շահերը։ Դա նույնպես օբյեկտիվ է և միանգամայն բնական։ Միայն թե արդարության մասին այդուհանդերձ չարժե խոսել։ Քանի որ այդ դեպքում պետք է այնուամենայնիվ ընդունել, որ դա (արդարությունը), ապահովելով առանձին վերցրած խմբի շահերը, արդեն ինքնին անարդարություն է այլ խմբերի նկատմամբ։ Թեպետ սա, ասենք այսպես, փիլիսոփայություն է

Իսկ այժմ, ինչպես ասում են, խոսենք ըստ էության և առանց հույզերի։ Ահավասիկ Մեսչյանն ասում է, թե Երևանի քաղաքապետը ստանում է գրեթե նույնքան աշխատավարձ, որքան միջին վիճակագրական ծրագրավորողը։ Այստեղ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է պետական պաշտոնյայի աշխատավարձը համեմատվում մասնավոր հատվածում աշխատող մասնագետի աշխատավարձի հետ։ Եվ եթե նման զուգահեռը կարող է կոռեկտ համարվել, ապա ինչո՞ւ մանրանալ՝ համեմատելով ծրագրավորողի հետ։ Եկեք համեմատենք բանկի կառավարչի կամ խոշոր գործարարի հետԴժվար թե Երևանի քաղաքապետն ավելի քիչ է տքնում, քան, ասենք, Սամվել Ալեքսանյանը։ Դե, և քաղաքային աշխատակազմի ղեկավարի կրած պատասխանատվությունն էլ շատ ավելի մեծ է, քան ցանկացած գործարարինը։ Այնպես որ, ողջ հարգանքով հանդերձ, չեմ կարող ընդունել քաղաքապետի և ծրագրավորողի աշխատավարձերի վերաբերյալ Մեսչյանի համեմատությունը։

Եվ առավելևս տարօրինակ է հնչում գլխավոր ճարտարապետի հայտարարությունն այն մասին, որ եթե իր ենթակաների աշխատավարձերը չբարձրացնեն, ապա բոլորին տուն է ուղարկելու ուղիղ ժամը 18։00-ին։ Տեղյակ է Մեսչյանը, թե ոչ, բայց Հայաստանում գործում է աշխատանքային օրենսդրություն, համաձայն որի ինքը չի կարող թույլ չտալ տուն գնալ աշխատակիցներին աշխատանքային օրվա ավարտից հետո։ Իսկ եթե նրանք աշխատելու են մնում մինչև ուշ գիշեր կամ հանգստյան օրերին, ապա դրա համար օրենսդրությամբ նախատեսված է լրացուցիչ վարձատրություն։ Երևանի գլխավոր ճարտարապետը չգիտես ինչու պարզապես լռում է այդ մասին…

Իսկ առհասարակ վերջին ժամանակներս իշխանության ներկայացուցիչները, բացատրելով հասարակայնությանը այս կամ այն ոլորտում աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը, գնալով ավելի հաճախ պատճառաբանում են դա աշխատավայրում մարդկանց երկար մնալով։ Իբր՝ տեսեք, ո՜նց են ճգնում, բառացիորեն մոխրանում են աշխատանքի մեջ։ Մինչդեռ ակնհայտ է, որ աշխատանքի, դրա որակի և արդյունավետության չափորոշիչ կարող է ծառայել արդյունքը, այլ ոչ թե գործընթացի տևականությունը։ Չգիտես ինչու այս պարզագույն ճշմարտություններն այսօր մեզանում ակներև են ոչ բոլորի համար։

Основная тема:
Теги: