Փարիզում կնշեն Շառլ Ազնավուրի 95–ամյակը

Փարիզի քաղաքապետարանն «Ազնավուր» հիմնադրամի հետ գործակցությամբ մեծ շանսոնիեի 95–ամյակին ընդառաջ մայիսի 21–ին մի շարք միջոցառումներ կանցկացնի Ֆրանսիայի մայրաքաղաքում, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Այդ օրը Փարիզում Ազնավուր ընտանիքի առաջին բնակարանի հասցեում հուշատախտակ կբացվի։ Արարողությանը ներկա կլինեն Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայտնի գործիչներ և Ազնավուր ընտանիքի անդամները։

Հուշատախտակը կտեղադրվի Փարիզի 6–րդ օկրուգի Մսյե լը Պրենս հասցեում, որտեղ Ազնավուրյանների ընտանիքն ապրել է Փարիզ գալուց հետո, և որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը։

Միջոցառումների շրջանակում քաղաքապետությանը հարող տարածքում կանցկացվի Ազնավուրի հոբելյանին նվիրված համերգ։

Համերգին ելույթ կունենան Փարիզի քաղաքային երգչախումբը, Անդրե Մանուկյանը, Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունյանը, Ազնավուրի նվագակցող Էրիկ Բերշոն և այլ երաժիշտներ։

 Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը հեռացավ կյանքից 2018 թվականի հոկտեմբերի 1–ի լույս գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Նրա վերջին կամքի համաձայն` շանսոնիեն հուղարկավորվել է Ֆրանսիայում, ծնողների կողքին։