Բակո Սահակյան. Մենք քննարկեցինք մեր հայրենիքի համար կարևոր հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց լրագրողների հարցերին, տեղեկացնում է azatutyun.am։

֊ Մենք հնարավորություն ենք ունեցել գրեթե բոլոր հարցերին անդրադառնալու, և ամենակարևորը՝ մենք փաստել ենք, որ խիստ անհրաժեշտ է, երբ ստեղծվում են իրավիճակներ, որտեղ կարծես թե դժվարանում են քաղաքական, հասարակական գործիչները իրենց մասնակցությունը բերելու և հաղթահարելու այս կամ այն ստեղծված իրավիճակները, մենք պայմանավորվել ենք, որ բոլոր հնարավորությունները օգտագործենք, այդ թվում հաճախ հանդիպումներ ունենանք, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար։ Եվ այդ առումով խիստ կարևոր եմ համարում մեր այսօրվա հանդիպումը։

Հարցադրումները, որոնք ուղղվել են ինձ, եղել են շատ անկեղծ և ազնիվ, և այդ նույն անկեղծությամբ և ազնվությամբ ես փորձել եմ հնչեցնել իմ մոտեցումները և իմ պատասխանները։

֊ Ի՞նչ մտահոգություններ ունեին հայաստանցի խորհրդարանականները։

֊ Ես տեսել եմ շահագրգռվածություն մեր գործընկերների մոտ, և իմ հնարավորությունների շրջանակներում փորձելու եմ նպաստել այդ՝ ինչպես դուք եք ասում, մտահոգությունները և շահագրգռվածությունները հնարավորինս արդյունավետ ընթացքավորելու։

֊ Ինչի՞ հետ են կապված այդ մտահոգությունները։

֊ Գիտեք՝ մենք ամեն ինչի մասին խոսել ենք։ Խոսել ենք անվտանգության համակարգի մասին, խոսել ենք միջխորհրդարանական կապերի մասին։ Խոսել ենք բանակցային գործընթացի մասին, խոսել ենք՝ ինչպես անենք, որպեսզի մեր տնտեսությունը ավելի առաջանցիկ տեմպերով զարգանա և այլն։

֊ Վարչապետը կոչ արեց, որպեսզի Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծվի ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ Ձեր գնահատականը այդ որոշմանը և արդյոք դրա վերաբերյալ քննարկում գնաց, ինչպիսի՞ դիրքորոշում ունեք։

֊ Վարչապետը իրավասու է այդպիսի առաջարկություն անելու։

֊ Կա՞ր կարիք նման քննիչ հանձնաժողով ստեղծելու։

֊ Իմ տեսակետը եղել է նա, որ ցանկալի է, որպեսզի այս կամ այն նման հանձնաժողովներում ներգրավված լինեն մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի են հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությամբ օգնելու, եթե կան չբացահայտված պահեր՝ բացահայտելու, ճշտումներ մտցնելու։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։