ՉԳՆԱՀԱՏԵՑԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Freedom House միջազգային կազմակերպության հատուկ հետազոտությունների գծով տնօրեն Նեյթ Շենկկանը մեկնաբանել է հանրապետության տարածքում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, հաղորդում է PanARMENIAN.Net-ը։
Փորձագետը նշել է, որ ՀՀ վարչապետն ընկնում է պոպուլիզմի մեջ։ «Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ ամփոփված է եղել նրանում, որ Փաշինյանը, անկարող լինելով արագ կամ կայուն վերափոխել երկիրը, նորից ընկնելու է պոպուլիզմի մեջ, որը նրան բերեց իշխանության։ Եվ ահավասիկ»,- գրել է Շենկկանը Twitter-ի իր միկրոբլոգում։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Freedom House-ի փորձագետի հետ կարելի է մասամբ համաձայնել։ Ճիշտ է, վտանգը ոչ միայն և ոչ այնքան պոպուլիզմի մեջ ընկնելն է, որքան երկրի անկումը դեպի ապակայունացում, իսկ հասարակությանը՝ դեպի պառակտում։ Բայց տվյալ դեպքում սույն հայտարարությունը հետաքրքրություն է ներկայացնում միանգամայն այլ պատճառով։ Դա (հայտարարությունը) միջազգային միակ արձագանքն էր Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Իրադարձություններն այդ, ըստ էության, բացառիկ են համաշխարհային պրակտիկայում։ Չէ՞ որ երբ իշխանության մի ճյուղը կոչ է անում կաթվածահար անել մյուս ճյուղին, դա արդեն անհեթեթություն է։ Երբ արդարադատության որակից դժգոհ կառավարության ղեկավարը փաստորեն ժամանակավորապես չեղարկում է դա (արդարադատությունը) երկրում, դա անհեթեթություն է։ Երբ կառավարության ղեկավարը երկրի քաղաքացիներին զրկում է արդարադատության իրավունքից, իսկ հետո ներողություն խնդրում դրա համար, նույնպես անհեթեթություն է։
Մի խոսքով, ակներև է, որ Հայաստանում տեղի ունեցածը համաշխարհային մասշտաբի բացառիկ երևույթ է։ Մինչդեռ զարմանալի է, որ «համաշխարհային մասշտաբը» կյանքի ոչ մի նշաններ չի ցուցաբերում։ Դեռևս ոչ ոք չի արձագանքել հայրենի արդարադատության համակարգում «վիրահատական միջամտություն» կազմակերպել պատրաստվող Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Լռում են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները, լռում են միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունները։ Կարող էին թեկուզ ողջունել «ժողովրդական արդարադատության» հասնելու Փաշինյանի ձգտումը, շնորհակալություն հայտնել արդարադատության համաշխարհային պրակտիկայում նոր խոսքի համար, էլ չասենք՝ դատապարտել դատական ողջ համակարգի կաթվածահարումը։ Բայց… Լռում են։
Բնականաբար, լռում են ոչ այն պատճառով, որ ասելիք չունեն։ Եվ ոչ էլ այն պատճառով, թե չեն հետևում այստեղ տեղի ունեցող գործընթացներին։ Իհարկե, հետևում են, իհարկե, տեսնում են։ Արժե՞ արդյոք խոսել այն մասին, թե ինչ աղմուկ կբարձրացնեին օտարերկրյա կազմակերպություններն ու ներկայացուցչությունները, եթե նման մի բան պատահեր, ասենք, մեկուկես տարի առաջ։ Ինչպե՞ս կարձագանքեին, օրինակ, ժողովրդավարության ու մարդու իրավունքների արևմտյան քարոզիչները, եթե իշխանությունն այսքան բացահայտ ոտնձգություն կատարեր մարդու հիմնական իրավունքներից մեկի՝ արդարադատության իրավունքի դեմ։ Սա, թերևս, հռետորական հարց է։ Իսկ այսօր… ոչ մի արձագանք։ Կրկնեմ, նույնիսկ խրախուսական։ Ի վերջո, ըստ վարչապետի վարկածի, խոսքը ժողովրդավարական արժեքների ներդրման չափազանց վառ դրսևորման մասին է։ Գոնե երախտագիտություն հայտնեին։
Ի դեպ, օրերս Երևանում կայացավ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստը։ Համաձայն ՀՀ ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության, կողմերը քննարկել են, մասնավորապես, ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական ընդհանուր արժեքների խթանման գծով համագործակցության հարցերը։ Ահա ուրեմն, այսօր, երբ Հայաստանի կառավարության ղեկավարը ցուցադրեց արդարադատության համակարգում «ժողովրդավարական արժեքների խթանման» բացառիկ օրինակ, մի տեսակ չափազանց տարօրինակ է, որ ամերիկյան գործընկերներն իրենց գնահատականը չեն տալիս դրան…
Դատելով համապատասխան արձագանքի բացակայությունից, Հայաստանի դատական համակարգի «ժողովրդավարականացման» գործում վարչապետի մեթոդներին օտարերկրյա գործընկերներն առանձնապես չեն հավատում։ Եվ միանգամայն հնարավոր է, որ մի որոշակի պահի կասեն հայկական կառավարության ղեկավարին այն ամենը, ինչ մտածում են այդ մասին։ Բայց կասեն ոչ միայն պարզապես ասած լինելու համար։ Կասեն, որպեսզի առաջ մղեն սեփական շահերը։ Իսկ դրանք (շահերը) բոլորի պարագայում տարբեր են և ոչ միշտ են համապատասխանում մեր շահերին։
Հ․Գ․ ԱՄՆ-ն քաջալերում է ՀՀ կառավարությանը հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։
Լրատվամիջոցը դիմել էր ԱՄՆ դեսպանատուն՝ պարզելու ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության գործունեությունը սահմանափակելու, մասնավորապես՝ դատարանները արգելափակելու և դատավորների վեթինգ անցկացնելու վարչապետի հայտարարության վերաբերյալ։