Դավիթ Բաբայան. Մեր հաջողության գրավականը միասնությունն է

Ադրբեջանը չի թաքցնում, որ իր գլխավոր նպատակը եղել և մնում է հայկական պետականության ոչնչացումը: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի հերթական չհայտարարված խոշորածավալ զորավարժությունների անցկացումը:

«Բացի այն, որ զորավարժությունները հայտարարված չէին, ինչը ինքնին ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունների խախտում է, ուշադրություն է գրավում թեման: Շարային վարժությունների ժամանակ ներկայացվել է, որ հաջորդ քայլը Շուշիի գրավումն է: Իհարկե, դա վկայում է իրականությունից չափից ավելի կտրված և վիրտուալ իրականության մեջ լինելու մասին, բայց մենք նաև ծայրահեղ աչալուրջ լինելու անհրաժեշտություն ունենք»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ Լեռնային Ղարաբաղը իր ժամանակին շատ բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի գործողությունները, որոնց հետևանքով թվական իմաստով կրճատվել է հրադադարի ռեժիմի խախտումների թիվը. «Սակայն սա այսբերգի միայն գագաթն է: Ադրբեջանը չի հրաժարվել իր մտադրություններից և չի թաքցնում, որ իր գլխավոր նպատակը եղել և մնում է հայկական պետականության ոչնչացումը: Սրա վկայությունն է նաև մեծ քանակությամբ լայնածավալ զորավարժությունների անցկացումը, ընդ որում՝ դրանց կեսը Թուրքիայի հետ»:

«Միասնությունը մեր հաջողության գրավականն է: Բոլոր նրանք, ովքեր սասանում են միասնությունը, հայ ժողովրդի մի հատվածին թունավորում մյուսի հանդեպ, պետք է արժանանան ամենալուրջ դատապարտման և նախատինքի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը: