Կալիֆոռնիայի Սենատն օրինագիծ է ընդունել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների վերականգնման մասին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը միաձայն հավանություն է տվել SB 302 օրինագծին, որով վերականգնվում է Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրային համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Օրինագիծը ներկայացրել է սենատոր Էնթոն Պորտանտինոն, նշում է աղբյուրը:

Նրա խոսքով՝ SB 302-ը պաշտոնականացնում է Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները:

«Ես անհամբերությամբ եմ սպասում երկրում առևտրային ներկայացուցչություն բացելու հնարավորությանը: Կալիֆոռնիան տնտեսական առաջնորդ է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կենսականորեն կարևոր տարրը»,- նշել է Պորտանտինոն:

ԱՄՆ Հայ դատի և Արևմտյան տարածաշրջանի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեպյանը նշում է, որ «ANCA-ն շնորհակալություն է հայտնում Կալիֆոռնիա նահանգի Սենատին և սենատոր Պորտանտինոյին նման կարևոր քայլի ճանաչման համար՝ Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման նպատակով, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, բիոտեխնոլոգիայի և այլ ոլորտներում»:

Նշենք, որ 2019 թվականի մարտին այս օրինագիծն արժանացել էր Կալիֆոռնիա նահանգի Սենատի բիզնեսի և մասնագիտությունների հարցերով կոմիտեի միաձայն հավանությանը: Նախագծի քննարկմանը մասնակցել էր նաև Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

«Գլխավոր հյուպատոսի պաշտոնում իմ հիմնական առաքելություններից մեկը Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև տնտեսական կապերի զարգացումն է: Ես ուրախ եմ ելույթ ունենալ այս կարևոր առաջարկի աջակցությամբ: Հույս ունենք, որ այն կհանգեցնի փոխշահավետ համագործակցության»,- նշել էր նա, տեղեկացնում է NEWS.am:

Теги: